2021 թվականի փետրվարին «Սասնա ծռեր»-ի գործով հրապարակված դատավճիռն է մտել օրինական ուժի մեջ. ՀՀ դատական դեպարտամենտ

Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ ՀՀ դատական դեպարտամենտը հայտնում է, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը 26.05.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ:

Հայտարարության մեջ նաև ասված է.

«Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով»:

Հիշեցնենք, երեկ՝ մայիսի 28-ին, փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացրել էր, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք եւ պատճառ նշելու, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի էր վերցրել և տեղափոխել Երևան:

Նշենք՝ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին:

Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը:

Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի:

Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը:

Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ