Եռաբլուրում՝ սեղանին, ծննդյան տորթն է, հնչում է նրան նվիրված երգից մի հատված. Գոռ Մելքոնյանն այսօր կդառնար 20 տարեկան

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Մելքոնյանն այսօր՝ մայիսի 27-ին, կդառնար 20 տարեկան: Ամեն տարի այս օրը Մելքոնյանների ընտանիքում տոն էր, սակայն արդեն մեկ տարի է՝ այդ տոնը տխրության է վերածվել: Գոռի մասին հիշողություններն ու հուշերն են, որ ստիպում են զավակ կորցրած ծնողներին ապրելու մի հույս գտնել:

Գոռը թեպետ սիրում էր ծննդյան օրն անցկացնել միայն ընկերների հետ, բայց հիմա բոլորն են ներկա՝ ընկերները, հարազատները, իրեն ճանաչողներն ու չճանաչողները:

Եռաբլուրում՝ սեղանի վրա, Գոռի ծննդյան տորթն է, հնչում է նրա համար գրված, սակայն դեռ լույս չտեսած երգից մի հատված. «Գիտեմ՝ հեռու ես, բայց սիրտդ եմ լսում». ամեն բառի հետ ներկաները հիշում ու լսում են նրա ձայնը, ծիծաղը, կատակները:

«Տղաս ծնվել է 2002 թվականին, 7 ամսական էր ծնվել, այդ ժամանակ էլ էր շտապում: Սովորում էր Ավանի 104 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո չէր կողմնորոշվում՝ ինչ մասնագիտություն ընտրել: Ասում էր՝ մամ, գնամ ծառայեմ, վերադառնամ, կորոշեմ»,- «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պատմում է մայրը՝ Լիլյա Բադալյանը:

Գոռը բանակ էր զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 13-ին, ծառայության էր անցել Արցախի Մարտակերտի զորամասերից մեկում: Պատերազմի հենց առաջին օրվանից ծնողները նրա մասին լուր չեն ունեցել: Վերջին զրույցը եղել է մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին: Ամեն օր ընտանիքի հետ կապի դուրս եկող որդին մորն ասել էր՝ 4 ամիս չի կարող զանգել:

«Սեպտեմբերի 27-ին որոշել էինք, որ գնայինք, իրեն տեսնեինք: Զանգահարեց, ասաց՝ մամ ջան, 4 ամիս չեմ զանգահարի: Թե ինչի՞ համար, չասաց: Քչախոս էր ու շատ գաղտնապահ: Մի անգամ էլ ասաց՝ ծառայում եմ, էլի, կարող է 5 տարի հետո վերադառնամ»,- որդու խոսքերն է մտաբերում մայրը:

Հարազատների խոսքով՝ իր ծննդյան օրը Գոռը միայն մի երազանք էր պահում, թեև երազանքների մասին շատ չէր սիրում խոսել: Արցունքները զսպել չկարողանալով, նայելով որդու լուսանկարին՝ ինքն իր հետ անհաշտ ապրող մայրը որդուն հարց է տալիս՝ «Բոլորից շատ Հայրենի՞քն էիր սիրում», և իր հարցի մեջ էլ նա գտնում է պատասխանը:

«Ասում էր՝ մամ, ես ճանաչված մարդ պետք է դառնամ. որոշել էր մարզիկ դառնալ: Իր երազանքը մեկն էր՝ պետք է 5 հարկանի տուն կառուցեր, որ բոլորով ապրեինք: Ինձ միշտ ասում էր՝ քեզ լավ կյանքով եմ պահելու, մամ ջան: Յուրահատուկ տղա էր: Ասում էր՝ տղան պետք է ծառայի, մամ, բա մեր Հայրենիքը ո՞վ պաշտպանի»,- պատմում է որդեկորույս մայրը:

«Իր մահից հետո էլ Գոռը միշտ ինձ հետ է»,- շեշտում է տիկին Լիլյան, բայց միևնույն ժամանակ ասելով՝ չի համակերպվում որդու մահվան հետ. գուցե 5 տարի հետո Գոռը վերադառնա՞. չէ՞որ իր խոսքի տերն էր:

Գոռը Մելքոնյանը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, սակայն նրա դին գտնվել է տասը ամիս հետո: Հուղարկավորվել են հունիսի 13-ին:

Հայրենիքի համար կյանքը տված զինվորը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ