Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը և նրա ամուսինը՝ Վահե Անդրիասյանը

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, 2021 թվականին ընտրվելով ԱԺ պատգամավոր, նույն թվականի նոյեմբերի 2-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Ստամբուլյանը հայտարարագրել է 5 հողամաս, որից 3-ը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, մեկը՝ Կենտրոն, մեկն էլ՝ Նոր Նորք, ընդ որում՝ բոլորը համատեղ սեփականությամբ ձեռք բերված: Պատգամավորը ներկայացրել է նաև 1 բնակարան Արաբկիրում, որը կրկին համատեղ սեփականություն է:

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2017 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա:

Հռիփսիմե Ստամբուլյանն ունի 4 բաժնեմաս, համապատասխանաբար՝ 50 հազար դրամ, 5 դրամ, 50 հազար դրամ և 50 դրամ արժողությամբ:

Հանձնած փոխառություններ բաժնում վերջինս ներկայացրել է 8 միլիոն 345 հազար դրամ և 4 հազար դոլար, որոնք ստացել է «Անռիվա տռանս» ընկերությունից:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարագրել է նաև 10 միլիոն դրամ արժողությամբ զարդ, որը նվիրատվություն է:

Ստամբուլյանը, ներկայացնելով բանկային հաշիվներում իր ունեցած գումարը, հայտարարագրել է 50 հազար 481 դրամ: Որպես կանխիկ գումար՝ 13 միլիոն դրամ և 250 հազար դոլար:

Ստամբուլյանը որպես աշխատավարձ «Անռիվա տուր»-ից ստացել է 2 միլիոն 292 հազար դրամ, «Անռիվա տռանս»-ից՝ 3 միլիոն 528 հազար դրամ: Որպես վարձակալության դիմաց ստացված վճար էլ վերջինս «Անռիվա տուր»-ից ստացել է 7 միլիոն 519 հազար դրամ:

Պատգամավորը ունի նաև 2 փոխառություն՝ 151 միլիոն 630 հազար դրամ և 3 հազար դոլար:

Ստամբուլյանի ամուսինը՝ Վահե Անդրիասյանը, հայտարարագրել է 3 հողամաս՝ համատեղ սեփականությամբ, Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում, 1 բնակարան՝ Արաբկիրում, և 1 անհատական տուն՝ Արաբկիրում, համատեղ սեփականությամբ:

Բանկային հաշիվներում պատգամավորի ամուսինը ներկայացրել է 111 հազար 100 դրամ և 1 միլիոն 400 հազար դրամ: Որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 11 միլիոն դրամ, 80 հազար դոլար և 35 հազար եվրո:

Վահե Անդրիասյանը որպես աշխատավարձ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել է 2 միլիոն 258 հազար դրամ և 3 միլիոն 500 հազար դրամ էլ՝ վարձակալության դիմաց ստացված վճար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ