«Պետական կառույցը պարզապես իր հայեցողությամբ որևէ լրագրողի չի զրկի հավատարմագրումից»․ Արթուր Հովհաննիսյան

Զանգվածային լրատվության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական կառույցը պարզապես իր հայեցողությամբ կամ որևէ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի չի զրկի հավատարմագրումից: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը նախ շնորհակալություն է հայտնել այն լրագրողներին, որոնք խնդիր չունեն էթիկայի հետ և բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները: «Բայց այս օրենքը բացարձակապես կապ չունի էթիկայի հետ: Մենք խոսում ենք պետական մարմիններում աշխատանքային գոտու կանոնների մասին, որոնք էթիկայի կանոններ չեն, որոնք ամրագրված են հավատարմագրման կարգի մեջ: Որևէ հայեցողության մասին խոսք լինել չի կարող: Լրագրողների համար կանխատեսելի է իրենց աշխատանքը պետական մարմիններում, նրանք գիտեն, թե որոնք են աշխատանքային կանոնների խախտումները: Եվ ես բացառում եմ որևէ դեպք, որը կարող է ենթադրել, որ ինչ-որ հայեցողությամբ, ինչ-որ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի հավատարմագրման վերաբերյալ բողոք լինի կամ հավատարմագրումը դադարեցվի»,-նշել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ խախտումն արձանագրվելու է, պետական մարմինն այդ խախտման մասին նախազգուշացնելու է լրատվական գործունեություն իրականացնողին, և, եթե մեկ տարվա ընթացքում կրկին խախտում լինի նույն լրագրողի կողմից, և լրատվամիջոցը սեփական դիմումով չփոխարինի լրագրողին, ապա պետական մարմինն ինքը սեփական նախաձեռնությամբ կարող է դադարեցնել տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ նրան այլ լրագրողով փոխարինելու հնարավորությամբ: Արթուր Հովհաննիսյանն այդ օրենքում չի տեսնում որևէ իրավունքի սահմանափակում և հայեցողության հնարավորություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ