![]()
Ընդդիմության նախաձեռնած դիմադրության շարժումը հայտնվել է անդիմության կամ ավելի ճիշտ՝ երկդիմության փաստի առաջ, թեեւ շարժման դեմքերից մեկը՝ Իշխան Սաղաթելյանը, իրավիճակն այլ կերպ է ախտորոշում՝ գործածելով երկիշխանություն տերմինը։ Երկիշխանություն ասելով դաշնակցական գործիչը ենթադրաբար նկատի ունի այն, որ կա դե յուրե իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած կառավարության ու ԱԺ մեծամասնության, եւ դե ֆակտո իշխանություն՝ ի դեմս փողոցային անդեմ, եւ գնալով նոսրացող շարքերով դիմադրության շարժման։
Սաղաթելյանի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում մեր երկրում 1000-ից ավելի (վերջին մի քանի օրերի տվյալներով 1200 մարդ է մասնակցում հավաքներին) թվով աշխատակիցներ ունեցող ցանկացած հիմնարկ կարող է մի օր թարս ոտքից արթնանալ, իրեն համարել երկրի այլընտրանքային իշխանության եւ պահանջել դե յուրե իշխանության հրաժարականը։
Վերադառնանք երկդիմության խնդրին․ այս օրերին հաճախ է հնչում շատ կարեւոր մի հարց՝ ով է արդեն երրորդ շաբաթը շարունակվող տարերային այս շարժման գլուխը՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը՝ իր քաղաքական հենարան ՀՅԴ-ով։ Ակնհայտ է, որ իրենց հանրային ցածր վարկանիշը հաշվի անելով՝ նախկին երկու նախագահները (երեւի բարձր վճարվող քաղտեխնոլգների խորհրդով) որոշել են քաղաքական պայքարի սուբյեկտ դառնալ ոչ թե իրենց սեփական դեմքով, այլ արենա նետելով իրենց «գլադիատորներին», որոնցից մեկը Իշխան Սաղաթելյանն է, մյուսը՝ Արթուր Վանեցյանը։ Պատահական չէ, որ մրցակից երկու սուբյեկտներն էլ փորձեցին իրենց քաղաքական մենամարտից առաջ ստանալ Հյուսիսի օրհնությունը՝ մեկը անձամբ Մոսկվա այցելելով, մյուսն էլ գործուղելով Արմեն Ռուստամյանին։
Հյուսիսի հավանական պատասխանը կարղ է լինել այսպիսին՝ «փորձեք բզբզալ, ա տամ դալշե՝ բուդետ վիդնո»։ Պարոնայք ընդդիմադիրներն առայժմ բզբզում են, սակայն առանց շոշափելի արդյունքի ու հեռանկարի։
Երկու գլուխ մի կաթսայում չի եփվի
Երկրրդ եւ երրրդ նախագահների միջեւ առկա հակասություններն, ի դեպ, նոր չէ, որ առկա են, եւ միայն 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի թելադրանքով չէ, որ ի հայտ են եկել։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը խախտել է իշխանության փոխանցման կարգը, այն իշխանության, որը վերցվել էր 1998-ին, երկուսի՝ իր եւ Քոչարյանի մեջ էր կիսվել 1999 հոկտեմբերի 27-ի միջոցով, փոխանցվել էր 2008-ի մարտի 1-ի գնով եւ անվերադարձ զիջվեց 2018-ի հեղափոխության հետեւանքով։ Եւ որքան էլ Սերժ Սարգսյանը փորձի արդարանալ, թե 2018-ին ինքն իշխանությունը փոխանցել է ոչ թե «սրանց»՝ ժողովրդին՝ ի դեմս Փաշինյանին, այլ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, մեկ է, նա խախտել է կլանի ներքին կանոնակարգը, «կոտրվել» է, հետեւապես՝այլեւս լեգիտիմ իրավունք չունի պայքարել իր կողմից բաց թողնված «Ջինը» շիշ վերադարձնելու համար։ Ուստի՝ պետք է ազատի Քոչարյանի ոտատակը եւ գործին չխանգարելու համար փորձի «ղրաղ կանգնել»։
Երբեմնի սիամական երկվորյակների մրցակցության խոսուն եւ վառ ապացույցն այն է, որ թեեւ վերջիններս 2021 թվականի արտահերթ ընտրությունների միջոցով իրենց իշխանական հավակնությունները բավարարելու բացառիկ հնարավորություն էին ստացել, սակայն չկարողացան հաղթահարել իշխանական ամբիցիաներն ու հանդես չեկան միասնական դաշինքով։ Այդ՝ խորհրդարանական աշխատանքի ընթացքում խլացված հակասությունն ու մրցակցությունն այժմ էլ փողոցային շարժման մակարդակում է տեղի ունենում, ինչի մասին, ի դեպ, մերթ ընդ մերթ գրում է ընդդիմադիր մամուլը՝ չհաշված երկու լիդերների ֆեյսբուքյան քարոզիչների՝ միմյանց ուղղված թունավոր խայթոցները։ Հարկ է նշել, որ այսպես կոչված դիմադրության շարժման ակցիաների այս ողջ ընթացքում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կողք կողքի, ուր մնաց թե ՝թեւանցուկ չեն քայլել՝ այսպիսով ընդգծելով իրենց լայն համախոհությունն եւ ամենակարեւոորը՝ շարժման ապաանձնավորված լինելը, միասնական հայտարարությամբ հանդես չեն եկել շարժման ընթացիկ իրավիճակի գնահատականով, անգամ «իդեա ֆիքսի»՝ Արցախի փրկության վերաբերյալ մեկ միասնական բանաձեւ չեն առաջարկել՝ մատնելով ներքին մրցակցության անհաղթահարելիությունը։ Այս երկուսից մեկը վազում է, մյուսը փորձում է ամեն կերպ վազանցել նրան կամ գոնե հավասարվել մրցակցին։ (Մեկը իր աջակիցների հետ խարույկի շուրջ քաղաքական զրիցներ է անում, մյուսը փորձում է քաղաքագիտական դասախոսություններ կարդալ հրապարակում հավաքված ընդդիմադիր կոնտինգենտնի հետ։ Դեռ միչեւ այս շարժում ու 44-օրյա պատերազմն էլ ակնբախ էր երկրորդ եւ երրորդ նախագահների՝ ընդդիմադիր դաշտի թիվ մեկ դիրիժորի համար մղվող կռիվը։ Հենց Քոչարյանը ասուլիս էր հրավիրում, մեկ շաբաթ անց տեզի էր ունենում Սերժ Սրագսյանի «կոնտր ասուլիսը» կամ հարցազրույցը։ Այս երկուսն ընդհուպ նմանակում են միմյանց անգամ հագուկապի հարցում)։
Պատահական չէ, որ նախորդ շաբաթ օրը որոշվեց դադար հայտարարել, որն օգտագործվեց ներքին պառակտման փաստը ֆիքսելու եւ նման իրավիճակում հետագա անելիքները որոշելու համար։ Արձագանքելով շարժման պառակտման մասին «իշխանական մամուլում գեներացվող տեղեկություններին»՝ Իշխան Սաղաթելյանը մայիսի 14-ին իր ասուլիսում վստահեցրեց, թե շատերը փորձում են պառակտել այն, սակայն նման խնդիր ընդհանրապես չկա: «Շարժումը քաղաքական է, բայց վերկուսակցական է։ Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս։ Բայց պառակտում չկա. ընդհակառակը՝ կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել ինչ-որ մեկ կուսակցության կամ անհատի շուրջ, մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ»։ Սաղաթելյանի այս պնդումը փորձեց է՛լ ավելի ամրապնդել Արթուր Վանեցյանը՝ հաջորդ օրը՝ մայիսի 15-ին նույնատիպ հայտարարություն անելով՝ պառակտման մասին լուրերի «շառը» գցելով իշխանական մամուլի վրա։ «Իշխանական մամուլը և ինչ–որ մարդիկ սկսեցին ասել շարժումը պառակտվել ա, տապալվել ա, գնացել են։ Հիմա եկել եմ ստեղ, որ ասեմ, լսեք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի։ Չի կարող պառակտվել մի բան, ինչը վերաբերումա մեր երկրին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին»։ Այս հոխորտալից հայտարարությունները որքան էլ ուղղված են իշխանական մամուլին կամ էլ իշխանությանը, դրանց հասցեատերերը, սակայն, երկու ընդդիմադիրներ կլանների ղեկավարներն ու թիմերն են, որոնք միմյանց են փոխանցում հետեւյալ մեսիջը՝ քանի Արցախը «մահանա» բերելով փողոց ենք դուրս եկել, հայրենափրկչի կեպկա դրել, եկեք մեր աջակիցներին չխրտնեցնենք, մեր եփած «ճաշը» միասնաբար, առանց իրար տակից աթոռ քաշելու ուտենք, որպեսզի կարողանանք ճաշակել նաեւ դեսերտը՝ իշխանությունը։
Եթե իհարկե իշխանության տերը՝ ժողովուրդը, այնքան ներողամիտ գտնվի, որ իրեն «ժեխ» ու «թուրք» ասողներին հանդեպ բարեկրթություն ցուցաբերի ու բարի ախորժակ մաղթի։
Հ․Գ․ Նկատենք, որ փրկության ենթակա օբյեկտն այս պահին ոչ այնքան հայրենիքն է, որքան ընդդիմության պատիվն ու հեղինակությունը։ Հիշեցնենք, որ թե Վանեցյանը, թե Սաղաթելյանը՝ (համապատասխանաբար երկրորդ եւ երրրդ նախագահները ) շարժման մասին իրենց «բացման խոսքում» համապատասխանաբար հայտարարել են՝ այլեւս խորհրդարան չեն վերադառնալու եւ չեն նահանջելու, գնալու են մինչեւ վերջ։ Վերջը, սակայն, այդպես էլ չի երեւում։
![]()