«Դիմադրության» շարժո՞ւմ, թե՞ նախկին ու ներկա համակարգերի դիմադրողականությունների ստուգման թեստ

«Մինչև իշխանափոխությունը մնացել է այսքան օր», «Երկրում երկիշխանություն է», «Նիկոլը շուտով կհեռանա», «Նա այլևս իշխանություն չունի»․․․Նմանատիպ «ինքնամխիթարական» հայտարարություններ գրեթե ամեն օր կարելի է լսել ընդդիմության շարժան տարբեր լիդերների, մասնավորապես՝ ժամկետներ նշելու և չեղարկելու գծով չեմպիոն Իշխան Սաղաթելյանի կողմից, մինչդեռ փափագելի իշխանափոխությունն ամեն հերթական հայտարարության հետ ավելի է հետաձգում։

Դեռ մեկ տարի առաջ մայիսի 9-ին՝ Ազատության հրապարակում ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին, իշխանության հեռացման հետհաշվարկ էր սկսել նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«2018-ի ապրիլին մեր ժողովուրդը իշխանության ղեկին է նստեցրել մի մարդու, որը չգիտի, թե ինչ է պետականությունը, թե այդ պետական մեքենան ոնց է աշխատում, ոնց է կառավարվում:․․․Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանը իշխանության մնալու առումով: Իրենց մնացել է 42 օր, վաղը մնալու է 41 օր, մյուս օրը 40 օր և այդպես շարունակ: Ուրեմն ամեն օր սոցցանցերում դրեք օրերի այդ հետհաշվարկը: Սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը: Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- խրոխտ հայտարարել էր Քոչարյանը։

Ստացվեց այնպես, որ քվեարկության օրը ժողովուրդը ի դերև հանեց նախկին նախագահի սպասելիքները «ամեն ինչ լավ է լինելու»-ի մասով ու նորից իշխանության բերեց նրան, որին բերել էր 2018-ին։ Ինչպես ասում են՝ Քոչարյանը պլանավորեց, ժողովուրդը տնօրինեց և «Հայաստան» դաշինքի առաջին համարը ստիպված եղավ վերադառնալ երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակին։

Միշտ հաղթող ու «միակ տղամարդու» բարդույթով տառապող, ժամանակին «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» ասած Քոչարյանը, սակայն, չէր կարող հաշտվել ժողովրդի կամքի՝ սեփական պարտության հետ և իր հույսերը չարդարացրած հետհաշվարկից մեկ տարի անց պետք է նորից վերադառնար հրապարակ՝ մեկ անգամ ևս բախտը փորձելու։ Սակայն ժամանակն ու բախտն այս անգամ կրկին հօգուտ Քոչարյանի չեն աշխատում, քանի որ իշխանության գալը 2018-ից սկսած դադարել է լինել «ուժի զոռով» տրվող «բախտի բան»։ Իր երբեմնի կուսակցությունը՝ ժողովուրդը, այնպես, ինչպես ինքն էր պատկերացնում, այլևս գոյություն չունի, վերակազմակերպվել և սեփական հաշվապահությունն է վարում այս կամ այն ուժին իշխանության բերելու կամ իշխանությունից հեռացնելու մասով։ Պարզապես Իշխան Սաղաթելյանն ու նրա քաղաքական պատրոնները, հաշվի չառնելով այդ կարեոոր հանգամանքը, փորձում են սեփական հաշվարկները սղացնել։

Սերժ Սարգսյանի և Քոբերտ Քոչարյանի լինելիության վերջին շանսը

Շարժման ամեն օրը ապացուցում է, որ խաղաքարտին է դրված նախկին երկու նախագահների՝ քաղաքական դաշտում որպես խաղացող լինել-չլինելու հարցը։ Եվ սա լինելիության վերջին շանսն է, այլապես մինչև վերջ գնալու մասին հավաստիացումներ չէին հնչի։ Ու ակնհայտ է, որ ոչ միայն պոպուլիստ Քոչարյանն է փորձում հասնել իշխանափոխության, այլև պաշտոնը թողնելուց հետո միայն պոպուլիզմի դեմ կռիվ տվող մեկ այլ պոպուլիստ՝ Սերժ Սարգսյանը, չնայած վերջինիս այն հավաստիացումներին, որ պետական բարձր պաշտոնի չի հավակնելու, քանի որ «ավարտել է իր ծառայությունը Հայաստանին և հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում»: Սերժ Սարգսյանի այս խոստումը վստահաբար դեժավյու է առաջացրել շատերի մոտ և հիշեցրել 2014-ին արված հայտնի հավաստիացումը, որը հետո ճակատագրական դարձավ վերջինիս համար․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ ․․․Ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։

Այսօր իշխանության գործունեության և լինելիության ամեն օրը Սերժ Սարգսյանի խոստմնազանցության, տղամարդու խոսքը պահել չկարողանալու հավաստիքն է, ամենօրյա ռեժիմով հիշեցումը: Եվ միամտություն է կարծելը, թե երրորդ նախագահը իր հետ ժամանակին իշխանություն կիսածների կողմից չի քարկոծվում 2018-ին տեղի ունեցածի համար, և կամ հաշտվել է «ես սխալվեցի»-ի հետ։

Սարգսյանը, որպես իշխանությունը փոխանցած սուբյեկտ, ավելի մեծ շահագրգռություն ունի հանձնածը վերադարձնելու հարցում, քանի որ 2018-ին թույլ տված սխալն ուղղելու քաղաքական պատասխանատվություն է կրում, եթե ոչ իր նախորդի, ապա իր թիմի առաջ։ Եվ այժմ այդ սխալն ուղղելու համար պատրաստ է շարքային ցուցարարի կարգավիճակ ստանձնել, Ֆրանսիայի հրապարակում թխված ժենգլայով հացի հերթ պահել, երեկոյան դասախոսություններ կարդալ լաոների համար՝ քնած, թե արթուն։ Սա երկու սուբյեկտների կողմից մղվող մաքուր պայքար է (մաքուր՝ պայքարի իմաստով) իշխանությունը վերաուզուրպացնելու համար, և, նկատենք, անմաքուր վերաբերմունք այդ նպատակով շահարկվող Արցախի հարցի նկատմամբ։ Պարզապես աշխատում է «փորձված թանի» տրամաբանությունը՝ մեկ անգամ Ղարաբաղի հարցի գնով իշխանություն վերցնելը գուցե հնարավոր լինի նաև այս անգամ։ Հետևապես՝ ինչո՞ւ չփորձել, եթե ընձեռվել է հերթական պատեհ առիթը, երկրորդը՝ 44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները։

Հ․Գ․ Գործող իշխանության հեռացման հաշվարկն իրականում սկսվել է շատ ավելի վաղ, քան պատերազմից հետո և կամ այս օրերին։ Իշխանության հեռացման հաշվարկն սկսվել է այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, ապա մի քանի ամիս անց տեղի ունեցած արդար ընտրությունների միջոցով ձևավորեց ԱԺ մեծամասնությունը։ Իշխանությունը զավթած նախկին ուզուրպատոր ռեժիմը, որը ընտրություններում վերջականապես իր ֆիասկոն արձանագրեց, իրեն օրգանապես անհամատեղելի է զգում նոր ձևավորված քաղաքական էկոլոգիայի հետ և այդպես էլ չի կարողանում ադապտացվել անիշխանությանը։ Այսօր ծավալվող շարժումը հենց այդ մասին է՝ ներտեսակային և միաժամանակ միջտեսակային «գոյության կռվի», և պատահական չէ դրա անվան ընտրությունը՝ «Դիմադրության» շարժում։ Դիմադրություն՝ առկա էկոմիջավայրին, դիմադրություն՝ ստեղված հասարակական-քաղաքական ստատուս քվոյին, դիմադրություն՝ Սահմանադրության և օրենքների գերակայությանը, դիմադրություն՝ համակարգային կոռուպցիայի կազմաքանդմանը, դիմադրություն՝ քրեաօլիգարխիկ համակարգի փլուզմանը, դիմադրություն՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բնագանձմանը․․․․և վերջապես դիմադրություն՝ իշխանության իրական տիրոջ՝ ժողովրդի կամքին։

Այս շարժումը, արդեն քանիցս նշել ենք, կապ չունի Ղարաբաղի և Հայաստանի «թրքացումը» կանխելու հետ, սա նախկին և ներկա համակարգերի դիմադրողականությունների ստուգման, փորձարկման թեստ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ