![]()
Մենք խորհրդարան վերադառնալու ենք միայն մեր օրակարգով, հայտարարել է անհնազանդության ակցիաներ իրականացնող խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Այդ հայտարարությունն իհարկե բավականին լղոզված է, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ Սաղաթելյանը կամ որևէ այլ ներկայացուցիչ հստակ չի ասի, որ խորհրդարան վերադառնալու են միայն վարչապետի հրաժարականից հետո՝ ինչը պահանջում են անհնազանդության ակցիաների ընթացքում: Համենայնդեպս, առայժմ կարծես թե խորհրդարանական ընդդիմության փողոցային ակցիաների ընթացքում հնչող պահանջները հիմք չեն տալիս խոսելու «ճկուն» օրակարգի կամ «լողացող» օրակարգի մասին, հետևաբար Նիկոլ Փաշինյանի հրաժարականից բացի որևէ այլ պարագայում խորհրդարան վերադարձը այլ բան չի լինելու, քան պարզապես անհաջողության, այսպես ասած՝ ընդդիմության «կապիտուլյացիայի» դրսևորում: Ավելին, հարցն ունի նաև մեկ այլ շերտ: Ինչպես հայտնի է, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դեռևս իր՝ Ազատության հրապարակի հայտնի նախաձեռնությունը սկսելիս հայտարարեց, որ իշխանափոխության չհասնելու պարագայում չի վերադառնա խորհրդարան, այնտեղ չունի անելիք:
Արթուր Վանեցյանն այդ մասին հայտարարել է հստակ, ու այդ հայտարարությամբ նա փաստացի «նշառձող» է սահմանել ոչ միայն իր համար, այլ նաև հենց ընդդիմության մնացյալ հատվածի, մասնավորապես «Հայաստան» դաշինքի համար: Որովհետև, եթե դաշինքը որևէ այլ պարագայյում վերադառնա խորհրդարան, այսինքն գործի Վանեցյանից ավելի «ցածր նշաձողի» սկզբունքով, ապա տանուլ տված կլինի ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաև Արթուր Վանեցյանին: Այդպիսով, ո՞րն է խորհրդարանական ընդդիմության օրակարգը, որով միայն նրանք կվերադառնան խորհրդարան, ըստ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի: Սա թերևս ունի հստակեցման կարիք՝ դա Փաշինյանի հրաժարակա՞նն է, թե՞ կարող է լինել վերադարձի այլ տարբերակ:
Մյուս կողմից առկա է հարցը, թե՝ չվերադառնալու դեպքում որքան է ընդդիմությունը մնալու փողոցում, որքա՞ն է շարունակելու ակցիաները, որոնք արդեն տևական ժամանակ ունեն թե «մասնակցային», թե «մեթոդաբանական» այսպես ասած կայուն ընթացք: Բանն այն է, որ տպավորություն է, որ ընդդիմությունը թե փողոցում է հայտնվել ոչ իր կամքով, թե փողոցում մնալու կամ խորհրդարան վերադառնալու հարցում է կախված կամքի այլ սուբյեկտից: Ընդ որում, այդ համատեքստում շատերն են խորհրդարանական ընդդիմությանը, մասնավորապես դրա ներկայիս ամենամեծ՝ «Հայաստան» դաշինքի թևին են վերագրում ՌԴ-ից թելադրվող վարքագիծ, որպես փաստարկ դիտարկելով դաշինքի դիրքորոշումները: Մյուս կողմից, առնվազն դիտարկման է արժանի թերևս այլ տարբերակ:
Այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա առաջնորդած ուժերը դիրքավորվում են Ռուսաստանի հետ «խորը ինտեգրացիայի» դաշտում, նորություն չէ, նրանք դա անում են առանց քողարկումների, բաց տեքստով: Խնդիրը սակայն այն է, որ քաղաքական հարաբերություններն ու սխեմաները թերևս շատ ավելի խրթին ու բարդ են, քան բնորոշվում են առաջին հայացքից: Այդ համատեքստում, թերևս դիտարկման է արժանի տարբերակ, որ ներկայումս իր վարքագծով Հայաստան դաշինքը թերևս փորձում է Ռուսաստանին բերել փողոցային անհնազանդության ակցիաների հանդեպ պատասխանատվության դաշտ, այդ կերպ փաստորեն նաև ՌԴ-ին էլ իր հետ «մտցնելով անհնազանդության փակուղի», թերևս հաշվարկով, որ ՌԴ-ն ստիպված կլինի ինքն էլ աշխուժորեն փնտրել ելք այդ փակուղուց: Ընդդիմությունը թերևս համոզված է, որ Ռուսաստանն այդ հարցում Հայաստանում ունի ավելի մեծ հնարավորություն, քան ինքը:
![]()