«Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանին վետո է տրվել Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցում». վարչապետը մանրամասներ է ներկայացնում

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորմանը՝ նշեց, որ երբ ՀՀ–ն որպես կարգավորման բանակցային հիմք ընդունել է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով, սա նշանակում է, որ հայկական կողմը այդ հենքն ընդունելով ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մասին ասել է Արմեն Ռուստամյանին։

«Երբ հայկական կողմը ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել։ Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներն ընդունած կառավարությունը, որի ներկայացուցիչներ են այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչները, Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում»,– ասաց նա։

Վարչապետն ասաց, որ ամենամեծ սենսացիոն փաստն այն է, որ կարող ենք ասել, որ Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է։ «Մենք չենք եկել պատերազմ բերել, դուք պատերազմը անոնս եք արել ու գնացել եք, և այդ պատերազմը կանխելու միայն մի ձև կար՝ ընդունել Ադրբեջանի ոչ ընդունելի պայմանները և պահանջները»,– ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ