Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել անհերքելի ապացույցներ.

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել իրավասու պետական մարմնից ստացված անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են խնդրո առարկա հրթիռների ձեռքբերման ժամանակ դրանց շահագործման ժամկետների մեջ լինելը:

Այսպես՝ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Տոնոյանը, 2010-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և այդ պաշտոնի բերումով տեղեկացված լինելով մատակարարման պահին հիշյալ հրթիռների օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին, ձեռնամուխ է եղել այդ՝ պիտանելիության ժամկետները սպառված և տեխնիկական բնութագրին անհամապատասխան հրթիռների ձեռքբերմանը: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, մի քանի պաշտոնական աղբյուրներից, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմնից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ հիշյալ հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել, ավելին՝ հրթիռներն անգամ համապատասխանել են տեխնիկական բոլոր նորմերին:

Դատարանում ներկայացնելուց հետո պաշտպանության կողմը նաև կհրապարակի հիշյալ փաստաթղթերը:

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանն անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։ Դատարանի՝ հունվարի 24-ին կայացրած որոշմամբ՝ մերժվել է նրան՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, և վերջինս կշարունակի մնալ կալանքի տակ:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի և ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան:

Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Մարտի 14-ին Վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ բավարարելով պաշտպանների բողոքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ