![]()
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ փակ բաժնետիրական մի ընկերության Բագրևանդի փողոցի պահեստից մի խումբ անձինք պարբերաբար գողություն են անում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ տեղեկությունների՝ նրանք նույն պահեստից պատրաստվել են գողություն անել նաև մայիսի լույս 24-ի գիշերը, իսկ գողոնը՝ տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներով։ Օպերատիվ խմբերը շտապել են Բագրևանդի փողոց և կազմակերպել դարանակալում։
Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են. գողության համար կասկածվող անձանցից մի քանիսը «Ֆորդ» մակնիշի մեքենայով հայտնվել են ոստիկանների տեսադաշտում, ապա՝ դիմել փախուստի՝ մեքենան վարելով ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Սկսվել է հետապնդում, որին միացել են պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները։
«Ֆորդն» ընթացել է Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Դավիթ Բեկի փողոցում հետապնդող պարեկներից մեկը փախուստը կանխելու նպատակով նախազգուշական կրակոց է արձակել, ապա՝ թիրախավորել մեքենայի անվադողն ու կրակել։ «Ֆորդը» կողաշրջվել է։
Վարորդն ու մի խումբ անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Մինչ Դավիթ Բեկի փողոցում ծավալվել են այս գործողությունները՝ Բագրևանդի փողոցում ոստիկանների տեսադաշտում է հայտնվել մյուս «Ֆորդը», որը ևս հարկադիր կանգնեցվել է՝ շնորհիվ Նոր Նորքի քրեական հետախույզներից մեկի նախազգուշական կրակոցների։
Արդյունքում վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել բաժին։ Նոր Նորքի քրեական հետախույզները ևս երկու անձի են հայտնաբերել պահեստի մոտակայքում և բերման ենթարկել բաժին։
Գողոնը հայտնաբերվել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ութ անձ ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում հնչել էին կրակոցներ, պարեկների հետապնդելուց հետո մի քանի միլիոնի գողոնով բարձված մեքենան շրջվել էր:
Մանրամասն տեսանյութում
![]()