![]()
«Այն, ինչ կատարվում էր այսօր ԱԳՆ շենքում և դրա առջև, որևէ արտառոց երևույթ չէր, եթե հաշվի առնենք հիմնական դերակատարներին ու կազմակերպիչներին»,- այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
Նրա խոսքով, հակապետական օրակարգ ունեցող այդ խմբակը, որը հանդես է գալիս որպես խորհրդարանական ընդդիմություն, հերթական անգամ ցույց է տալիս իր դեմքը՝ այս անգամ հարձակվելով դիվանագետների վրա: «Իրենց իրական կարգախոսն է՝ որքան վատ Հայաստանի համար, այնքան շանս իրենց համար, ու կատաղել են, որովհետև իրականությանը չեն համապատասխանել իրենց ոչ բարոյական հույսերը»,- ասաց պատգամավորը և ներկայացրեց ընդդիմության հույսերը:
«Երևանի կենտրոնից հոխորտացող Արցախ փրկող հակապետական գործունեությամբ տարված պարոնայք, ո՞վ պիտի պատասխան տա ձեր անպատասխանատու տեքստերի ու հրապարակումների համար, որոնք առնվազն չեն ծառայում Հայաստանի ու Արցախի շահին: Կարո՞ղ է ձեր բրյուսելյան աղբյուրը ցամաքել էր կամ չորացել, որ ձեզ այդպիսի ոչ հավաստի տեղեկություն էր տվել, թե՞ իրականում աղբյուր չի էլ եղել, և դուք միտումնավոր խաբել ու ապակողմնորոշել եք մեր հանրությանը»,- ասաց Հռիփսիմե Գրիգորյանը և հույս հայտնեց, որ այս ընդդիմությանը փոխարինելու կգան իրապես պետական շահի մասին մտածող քաղաքական ուժեր:
Նա նաև շնորհակալություն հայտնեց դիվանագետներին այսօրվա և բոլոր օրերի ու տարիների իրենց ծառայության համար:
![]()