«Արագ կանչե՛ք քաղաքապետին․ իմ ձայնը կտրող դեռ չի եղել․ իմ ձեռքը չտեսնող չի եղել»․ վեճ ավագանու նիստին

Այսօր՝ մայիսի 24-ին, մեկնարկել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Օրակարգում 26 հարց է: Նիստը վարում է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կառավարությունում կարեւոր քննարկման է:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ Երեւանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը բարձրաձայնեց քաղաքի խնդիրներից մեկը:

«Պարզաբանեք Ծիծեռնակաբերդի խճուղու կոլապսը: Շուրջ 50 մետր հենապատ է փլուզվել: Այդտեղ մեղավորներ կա՞ն, թե՞ չկան: Ուզում եմ հասկանալ՝ քաղաքում պատասխանատու գոյություն ունի՞ նման լուրջ խնդիրների դեպքում»,- հարցադրում արեց Ավանեսովը: Հովհաննիսյանն էլ շնորհակալություն հայտնեց տեղյակ պահելու համար՝ ասելով, որ խնդրից, բնականաբար, տեղյակ են:

«Ձեր սարկազմը Ձեզ պահեք, պարոն Հովհաննիսյան»,- նկատեց Ավանեսովը: Հովհաննիսյանն էլ դիտողություն արեց՝ ասելով. «Ձեզ ավագանու լիազորությունների սահմաններում պահեք, այլեւս տեղից չխոսեք»:

Այսպիսով՝ վիճաբանություն սկսվեց Հովհաննիսյանի եւ Ավանեսովի միջեւ, որին միջամտեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: «Պարոն Հովհաննիսյան, «Հայկ Մարության» մի՛ արեք, մի՛ լարեք մթնոլորտը կամ էլ քաղաքապետին արագ հետ կանչեք, որովհետեւ իր հրատապ հարցն ավագանու նիստն է, այլ ոչ թե Կառավարության քննարկումը»,- ասաց Խաչատրյանը, ապա հավելեց, որ փոխքաղաքապետն իր տեղում չէ ու լավ կլինի՝ քաղաքապետի աթոռից վեր կենա, խնդրի, որ իր փոխարեն մեկ ուրիշը նիստը վարի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ