![]()
Այսօր՝ մայիսի 24-ին, մեկնարկել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Օրակարգում 26 հարց է: Նիստը վարում է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կառավարությունում կարեւոր քննարկման է:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ Երեւանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը բարձրաձայնեց քաղաքի խնդիրներից մեկը:
«Պարզաբանեք Ծիծեռնակաբերդի խճուղու կոլապսը: Շուրջ 50 մետր հենապատ է փլուզվել: Այդտեղ մեղավորներ կա՞ն, թե՞ չկան: Ուզում եմ հասկանալ՝ քաղաքում պատասխանատու գոյություն ունի՞ նման լուրջ խնդիրների դեպքում»,- հարցադրում արեց Ավանեսովը: Հովհաննիսյանն էլ շնորհակալություն հայտնեց տեղյակ պահելու համար՝ ասելով, որ խնդրից, բնականաբար, տեղյակ են:
«Ձեր սարկազմը Ձեզ պահեք, պարոն Հովհաննիսյան»,- նկատեց Ավանեսովը: Հովհաննիսյանն էլ դիտողություն արեց՝ ասելով. «Ձեզ ավագանու լիազորությունների սահմաններում պահեք, այլեւս տեղից չխոսեք»:
Այսպիսով՝ վիճաբանություն սկսվեց Հովհաննիսյանի եւ Ավանեսովի միջեւ, որին միջամտեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: «Պարոն Հովհաննիսյան, Հայկ Մարության մի՛ արեք, մի՛ լարեք մթնոլորտը կամ էլ քաղաքապետին արագ հետ կանչեք, որովհետեւ իր հրատապ հարցն ավագանու նիստն է, այլ ոչ թե Կառավարության քննարկումը»,- ասաց Խաչատրյանը, ապա հավելեց, որ փոխքաղաքապետն իր տեղում չէ ու լավ կլինի՝ քաղաքապետի աթոռից վեր կենա, խնդրի, որ իր փոխարեն մեկ ուրիշը նիստը վարի:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()