![]()
Մեզ բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ընդդիմության ճամբարների ներքին խոհանոցից։ Պարզվում է մինչև փողոցային պայքար սկսելու որոշում կայացնելը Քոչարյանի դաշինքը հանրային կարծիքի ուսումնասիրության պատվեր է իջեցրել փակ ձևաչափով, որպեսզի պարզի, թե որքան է գործող իշխանության վարկանիշը և արդյո՞ք իմաստ կա փողոցային պայքար սկսելու համար։
Մեզ հասած տեղեկություններով Քոչարյանի թիմը հանրային կարծիքի հարցման պատվերը տվել է Բրեյվիս կազմակերպությանը։ Ապրիլի սկզբին կայացած հարցման արդյունքներով Փաշինյանն իսկապես ցածր վարկանիշ է ունեցել՝ 28%, սակայն ընդդիմադիր խմբակցությունների վարկանիշն էլ ավելի վատ վիճակում է եղել՝ ընդհանուր 8․4%։ Քոչարյանի ճամբարում արդյունքների հիման վրա որոշում են կայացրել այդ պահին դուրս չգալ փողոց։
Սակայն քոչարյանականների պլանները տակնուվրա է արել Արթուր Վանեցյանը։ Նա ապրիլի 17-ին, վերադառնալով Մոսկվայից, Երևանի Ազատության հրապարակում ազդարարեց, որ սկսում է փողոցային պայքար իշխանություններին հեռացնելու համար։ Այս քայլը տհաճ անակնկալ էր Քոչարյանի և Դաշնակցության համար, քանի որ ստացվում էր Սերժ Սարգսյանի ճամբարը նախաձեռնություն է վերցնում փողոցային պայքարի հարցում՝ իրենց մղելով երկրորդ պլան։ Այստեղ կարելի է հիշել քոչարյանական պատգամավորների խուճապահար այցը Ազատության հրապարակ և անորոշ հայտարարությունները՝ իրենք միանալու են փողոցային պայքարին թե ոչ։
Վանեցյանի քայլից հետո դաշնակցականներն Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ սկսել են պնդել, որ եթե իրենք այժմ էլ չփորձեն օգտվել ապրիլի 13-ին նշաձողի մասին Փաշինյանի արած հայտարարությունից, ու իշխանության համար փողոցային պայքար չսկսեն, ապա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հաջող մեկնարկի դեպքում այլևս 10 տարի որևէ շանս չեն ունենա իշխանության գալու։ Հենց դաշնակցական Հրանտ Մարգարյանը և Իշխան Սաղաթելյանն են եղել Քոչարյանին գլխավոր համոզողը և լիարժեք պատասխանատվություն են վերցրել փողոցային պայքար սկսելու համար։
![]()