«Ինչքան էլ սահմանազատումն արվի եվրոպական միջնորդությամբ, առանց ռուսական քարտեզների դա անհնար կլինի».Տարասով

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել իր միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կիրակի կայացած հանդիպման վերաբերյալ։

Միշելը քննարկումն անկեղծ և արդյունավետ է գնահատել և ընդգծել, որ վերանայվել է հարցերի ամբողջ փաթեթը։ Խոսելով հանդիպման արդյունքների մասին, Եվրոպական խորհրդի նախագահն ասել է, որ առաջիկա օրերին միջպետական ​​սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կքննարկի սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերը և այն, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ:Ըստ Միշելի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը։ Նրանք համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ։

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նաև առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները․ «Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կբերեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղու՝ ես երկու ղեկավարներին էլ շեշտեցի՝ անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձնեն էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը Ղարաբաղում»,-հաղորդագրության մեջ նշել է Շառլ Միշելը՝ հավելելով, որ քննարկվել են սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հարցեր։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ բրյուսելյան հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Փաշինյանը ՀԱՊԿ-ի շրջանակներում հանդիպել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ամենայն հավանականությամբ Պուտինը Բրյուսելում կայանալիք հանդիպման վերաբերյալ առարկություն չի հայտնել․ «Ես ենթադրում եմ, որ մոսկովյան հանդիպման ընթացքում այդ թեման քննարկվել է։ Երևում է, որ Մոսկվան որևէ առարկություն չի հայտնել»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Տարասովը նշում է՝ անգամ եթե սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվի բրյուսելյան միջնորդությամբ, առանց ռուսական քարտեզների դա անել հնարավոր չի լինի․ «Այսինքն՝ Ռուսաստանի մասնակցությունն այդ պրոցեսին անխուսափելի է։ Ի՞նչ է իրենք վերցնելու են Պարսկական կայսրության քարտեզներն ու դրանո՞վ սահմանագծում անեն։ Նոնսենս է»։

Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությանը, ապա մեր զրուցակցի կարծիքով, այստեղ ևս կան բազմաթիվ խութեր․ «Հարցն ամբողջությամբ կապված է սահմանագծման ու սահմանազատման հետ, ինչն էլ առնչվում է Ղարաբաղի հարցին։ Եթե ստորագրում են խաղաղության համաձայնագիրը՝ դա նշանակում է, որ Հայաստանը հարյուր տոկսով ճանաչում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Ինչպե՞ս է սահմանը գծվելու, ենթադրում եմ Լաչինի հատվածով սահման Հայաստանի ու Ղարաբաղի միջև։Ներկայիս Լաչինի միջանցքն էլ դառնում է սահմանային միջանցք Հայաստանի ու Ադրբեջանի միջև»։

Կարևոր հարցերին մեկն էլ ըստ քաղաքագետի այն է, թե ինչպես Հայաստանում կընդունեն այդ պայմանագիրը և արդյոք այն կկայունացնի Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը․ «Անկեղծ ասած՝ ինձ թվում է, որ ոչ»։

Մեր զրուցակիցը սակայն նշում է, որ Ռուսաստանը՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով այժմ հետաքրքրված է տարածաշրջանային կոմունիկացիների ապաշրջափակմամբ․ «Ռուսաստանը կողմնակից է, որ դա տեղի ունենա՝ իմ նշած պատճառներով։ Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն և թե դրանում ինչ դերակատարություն կունենա Եվրամիությունը։ Եթե Եվրամիությունը ձգտի վերկանգնել փլուզված Մինսկի խումբն ու բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ դա մի բան է, իսկ եթե Եվրամիությունն այդ հարցը չդնի, ապա Մոսկվան կորոշի իր խաղաղապահների հարցը։ Բայց այդ դեպքում արդեն ոչ թե Երևանի հետ կամ Երևան-Բաքու-Մոսկվա եռանկյունով, այլ բացառապես Ադրբեջանի հետ, որովհետև իրավաբանորեն խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մեծ հաշվով Ղարաբաղի ճակատագիրը հիմա կախված է Ադրբեջանի ու մի փոքր էլ Ռուսաստանի կամքից։ Եթե համաձայնագիրն այդ բովանդակությամբ ստորագրվի, դա նշանակում է, որ Փաշինյանը վերջակետ է դնում ղարաբաղյան հարցին՝ Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի կազմում»։

Ստանիսլավ Տարասովը նշում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը բարդ է այս փուլում լուծելը․ «Ադրբեջանն ասում է, որ նրանք իրենց քաղաքացիներն են, ուզում են՝ թող ինտեգրվեն, եթե ոչ՝ այլմոլորակային եք։ Բայց այդ ինտեգրացիան էլ անհնար է այն տեսքով, որով որ Ադրբեջանը պատկերացնում է։ Նշանակում է, որ պետք է ինչ-որ միջանկյալ կարգավիճակ։ Ես ենթադրում եմ, որ հնարավորէ Սան Մարինոյի տարբերակ՝ անպայման ռուս խաղաղապահների ներկայությամբ։Երկրորդ՝ ինչպե՞ս իրեն կպահի այդ ժամանակ Հայաստանը։ Իմ կարծիքով ադրբեջանցիների համար ձեռնտու է միայն ռուս խաղաղպահների ներկայությունը, որպեսզի նրանք չհամալրվեն այլ երկրի խաղաղապահներով։Ադրբեջանն ավելի հեշտությամբ պայմանավորվում է Մոսկվայի, քան այլ երկրների հետ։ Իրավիճակը հիմա առկախված է»։

Տարասովը գտնում է, որ շատ բան կորոշվի ուկրաինական պատերազմի արդյունքներով․ «Հարցն այն է, թե Ռուսաստանի նման գերտերությունն ինչպես դուրս կգա այդ պատերազմից։ Առայժմ ամեն բան ընթանում է մոսկովյան սցենարով։ Բայց անկախ ամեն ինչից՝ պատերազմից հետո մենք ստիպված ենք լինելու փոխել մեր քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանում։ Միանշանակ է, որ Ռուսաստանի նախկին քաղաքականությունն այլևս չի լինելու, իսկ թե ինչպիսին կլինի նոր քաղաքականությունը՝ առայժմ հայտնի չէ։ Այժմ մշակվում է այդ նոր քաղաքականության կոնցեպցիան»,-եզրափակեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ