![]()
Իշխանափոխության պահանջով հերթական շաբաթի «բացումն» անող ընդդիմությունը հայտնվել է անելանելի վիճակում. նախ՝ այդպես էլ չի կարողանում ոչ միայն նոր խմբեր ներգրավել և նոր որակ ու ծավալներ հաղորդել իր ունեցած հանրային ռեսուրսին, այսինքն՝ հասնել ավելի լայն հասարակական-քաղաքական շերտերի աջակցության, այլև չի կարողանում ստանալ միջազգային հանրության բացահայտ կամ քողարկված աջակցությունը՝ ի դեմս, մասնավորապես, եվրոպական ընտանիքի, Արևմուտքի և ՌԴ-ի։
Որքան էլ տարբեր ընդդիմադիր գործիչների շուրթերով հավատարմության ու խոնարհումի ճիչեր արձակվեն ու երդումներ տրվեն ՌԴ-ին, ակնհայտ է, որ մեր ռազմավարական դաշնակիցը ուղիղ աջակցություն, այն էլ՝ պաշտոնական որևէ մակարդակով, չի ցուցաբերում հայրենի ընդդիմադիրներին։ Համենայնդեպս, մինչ օրս չեն հնչել ընդդիմության ակցիաների մասին արված այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք, օրինակ, 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին տեղի ունեցող հայտարարություններն էին։ Ի մասնավորի՝ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան 2018 թ. ապրիլի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ժողովուրդը, որ ուժ ունի իր պատմության ամենաբարդ պահերին անգամ չպառակտվելու և պահպանելու հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած կտրուկ տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»։
Ամենաբարձր մակարդակի աջակցությունը, որը մինչև այժմ ցուցաբերվել է ընդդիմությանը, կրեմլյան պրոպագանդիստուհի, «նիկոլատյաց» Մարգարիտա Սիմոնյանի և նրա ամուսնու կողմից «Զարթիր, լաո» երգի միջոցով երևանյան ակցիաներին ձայնակցելն է եղել։ Հաջորդ ավելի բարձր աջակցությունը օրերս հայազգի մեկ այլ կրեմլամերձ խոսնակի՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի տեսքով էր, որը հայտնվել էր դիմադրության շարժման լիդերների՝ Քոչարյանի և Սարգսյանի կողքին և հավանաբար հիշում և հիշեցնում էր հին ու բարի ժամանակները, երբ Քոչարյանն ու Սարգսյանը ծաղկեցնում էին ՀՀ-ի ժողովրդավարությունն ու ամեն ինչ անում էին ՀՀ-ն ՌԴ-ի ֆորպոստի կարգավիճակից հանելու, ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ։
Խոսքն, ի դեպ, այն նույն Միհրանյանի մասին է, որը 2009 թվականին Հայաստանում «Պատվո շքանշանի» է արժանացել, իսկ 2018 թվականին՝ թավշյա հեղափոխության օրերին, «օխլոս» «չեռն», «գրյազ» էր անվանում փողոց դուրս եկած իր հազարավոր հայրենակիցներին՝ ընդհուպ մինչև ամաչում էր իր հայ լինելու համար և, հիստերիկ նոպայի մեջ ընկնելով, հայտարարում էր. «Այն ամենն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, օխլոկրատիա է»։ Այնուհետ առաջարկում էր, թե ցուցարարները թող պատվիրակություն կազմեն, որը թող հանդիպի իշխանության ներկայացուցիչների հետ, և «թող սկսվի նորմալ, քաղաքակիրթ խոսակցություն, այլ ոչ թե այդ օխլոսը, տականքը, այդ կեղտը թելադրի, թե ով և ինչպես ապրի երկրում։ Խայտառակություն, ես ամաչում եմ, որ հայ եմ»։
Ահա այսպիսի դեմոկրատական աշխարհայացք ու լեքսիկոն ունեցողների բարձր աջակցությունն է վայելում սերժաքոչարյանական ընդդիմությունը։ Նշենք, որ օխլոկրատիան ժողովրդավարության այլասերված տեսակն է, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա։ Իսկ մարդիկ, ովքեր այսօր ներկայացնում են ընդդիմությունն ու առաջադրում իրենց պահանջները, գործում են ճիշտ և ճիշտ Միհրանյանի ներկայացրած կառավարման ձևի՝ օխլոկրատիայի տրամաբանությամբ, սակայն, զարմանալիորեն, «չեռն» և «գրյազ» չեն որակվում։
Ի դեպ, այս ամենին հակառակ՝ ՀՀ-ում ԵՄ և ԱՄՆ դեսպաններն ակնհայտորեն թիրախավորված են ընդդիմության ամենատարբեր ռանգի ներկայացուցիչների կողմից։ Նկատենք, որ օրերս «Մարիոթում» տեղի ունեցած՝ ժողովրդավարությանը նվիրված քննարկման ժամանակ ընդդիմության աջակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հնչում էին «առանց Թրեյսի Հայաստան» վանկարկումներ։ Օտարերկրյա դիվանագետների նկատմամբ մերժողական, ագրեսիվ վերաբերմունքն ու նրանց աշխատանքի վերաբերյալ ոչ դիվանագիտական բառապաշարով շարադրված գնահատական-կշտամբանքները («վերջ տվեք երկակի ստանդարտներին», «դուք ձեր լռությամբ նպաստում եք, որ ՀՀ-ոում լինի բռնապետություն» (Իշխան Սաղաթելյան), «ձեր լռությունը ձեզ հանցակից է դարձնում» (Հայկ Մամիջանյան), «ԵՄ-ն այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, որոնց հետո թոշակի է ուղարկում: Ո՛չ նախորդ դեսպանն էր մի բան, ո՛չ էս մի դեսպանն է մի բան: ԵՄ հարգելի գործընկերներ, դադարեք Հայաստանում «սպիսատ» անել ձեր դիվանագիտական անորակ կադրերին։ Տիկին դեսպան, go home» (Արմեն Աշոտյան, որն այս հայտարարությունն արել է դեռ մինչև դիմադրության շարժումը՝ ս.թ. փետրվարին), անխոս, լավագույնս են բնորոշում ընդդիմությանը, ցուցանում, թե միջազգային հանրությունն ինչպիսի որակի և արժեհամակարգի քաղաքական խմբավորման հետ գործ ունի՝ ի դեմս 20 տարի կառավարած, ՀՀ-ն միջազգային հարաբերություններում ներկայացրած նախկին երկու նախագահների և նրանց կողմից ուղղորդվող ուժերի։ Նման պահվածքն անշուշտ թելադրված է ընդդիմությանը համակած միայնակության և լքյալության զգացողությունից, որը վերահաստատվեց ոչ միայն ԵՄ և ԱՄՆ դեսպանների կողմից ՀՀ գործող իշխանության հետ աշխատելու, ՀՀ-ի ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ գործակցությունը խորացնելու մասին արձանագրումներով, այլև ՀՀ-ի ոչ վաղ անցյալի մասին շատ կարևոր հիշեցմամբ։ Խոսքը ԵՄ դեսպանի կողմից 2008-ի արյունալի դեպքերի հիշեցման մասին է. «Որպես ՀՀ-ում Գերմանիայի դեսպան՝ ես 2008-ին կոչ էի արել իշխանություններին չցրել խաղաղ հավաքը, սակայն մարտի 1-ին հավաքը ցրվեց, և ունեցանք զոհեր, հիմա շատ բաներ փոխվել են»։ Սա ոչ ժողովրդավարական, մերժելի անցյալի մասին հիշեցում լինելուց բացի, այդ անցյալը կոնկրետ դեմքերի՝ նախկին նախագահների հետ նույնացնլու և նրանց ձևակերպած քաղաքական հայտը մերժելու մասին էր նաև։ Եվ այս դիվանագիտական մերժումը պետք է որ հասկացած և վերլուծած լինեն ընդդիմության շտաբում՝ դրանից բխող հետևանքներով։
Սրան գումարենք նաև երկու օր առաջ ՀՀ-ում գտնվող ԵՄ անդամ Լիտվայի նախագահի՝ իր հետ հանդիպում խնդրող ընդդիմադիրների ուղղած նամակն անպատասխան թողնելը։ Փաստացի, ստանալով մերժում ԵՄ անդամ երկրի բարձր ղեկավարի կողմից, ընդդիմությունը վերահամոզվեց իր՝ մարգինալ, իզգոյ լինելու հարցում, ընդդիմություն, որի ղեկավարներից մեկն, ի դեպ, Եվրախորհուրդը համեմատում էր Պոլիտբյուրոյի հետ։ Արձանագրենք, որ տարիներն անցել են, սակայն նախկին ռեժիմի ներկայացուցիչների վերաբերմունքը միջազգային կառույցների հանդեպ չի փոխվել, ավելին՝ այժմ անթաքույց կերպով ու ամբողջ սպեկտրով է ցուցադրվում։
Հարց է ծագում, թե ինպես է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից մեկի ԱՄՆ դեսպանի, փաստացի՝ վերջինիս նշանակած երկրի հասցեին նախատինք հնչեցնող ընդդիմությունը գործակցելու այս նույն երկրի հետ՝ հանուն Արցախի փրկության և այլ վեհ ու վսեմ գաղափարների իրագործման։ Նույն հարցադրումը տեղին է նաև ԵՄ դեսպանի մասով։ Միջազգային հանրություն, որի աշխատանքից, փաստորեն, ինքը դժգոհ է և որին չի վստահում։ Հետևապես, եթե ընդդիմությանը հաջողվի հասնել իր գերնպատակին՝ իշխանափոխության, արդեն իսկ կանխատեսելի է, թե ինչ հեռանկար է սպասում ՀՀ-ին։ Լավագույն սցենարը ՀՀ-ն ինչ-որ պետության գուբեռնիայի վերածելն է, վատագույն սցենարը ՀՀ-ն «իզգոյ», «երրորդ աշխարհի» երկրների շարքը գլորելը, որի միակ կապիտալը, ինչպես ժամանակին առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն էր բնորոշել, լինելու է աշխատուժի արտահանումը։ Ուրիշ ոչինչ։
![]()