«Որոշել եմ հրաժարվել պատգամավորական մանդատից».Ռազմիկ Մկրտչյան

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցացի իր էջում հայտնել է, որ չի պատրաստվում թողնել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Մկրտչյանը նաև տեղեկացրել է, որ հրաժարվելու է պատգամավորական մանդատից:

Նա մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ շենգավիթցիներ, հայրենակիցներ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ամենայն նվիրվածությամբ և պատասխանատվությամբ ծառայել եմ վարչական շրջանին։

Ես սիրում եմ իմ աշխատանքը և համոզված եմ՝ արժանահավատ ջանքերս տալիս են ցանկալի արդյունք այս ասպարեզում և այս շրջանում, ուստի ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել պատգամավորական մանդատից և աշխատանքս շարունակել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Պատգամավորական մանդատը կրող իմ հաջորդ թիմակցին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և հաջողություններ։

Խորապես շնորհակալ եմ քաղաքական թիմին մեծագույն վստահության և իմ որոշումը հարգելու համար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Ռազմիկ Մկրտչյանից հետո ցուցակում հաջորդը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանն է: Վերջինս հաստատել էր, որ պատրաստվում է վերցնել մանդատը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ