![]()
Araratnews.am–ը զրուցել է քաղաքագետ Մովսես Հարությունյանի հետ՝ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման և Շառլ Միշելի հայտարարության մասին։
Ի՞նչ տվեց բրյուսելյան հանդիպումը, որո՞նք էին արդյունքները և կարելի՞ է արդյոք քայլ առաջ համարել այն։
Քանի որ տեղի ունեցողը բարդ, լայնաշերտ ու դեռևս շարունակական գործընթաց է՝ դժվար է խոսել արդյունքներից, որոնք դեռևս տեսանելի չեն։ Նման ֆորմատով ընթացող շարունակական գործընթացներում, որտեղ դեռևս ընթանում են միայն տեսական մակարդակի քննարկումներ՝ առանց փաստաթղթերի ստորագրման, շոշափելի արդյունքներ սպասել պետք չէ, քանի որ, օրինակ, հնարավոր է՝ մի հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության գան մի հարցի շուրջ, իսկ հաջորդ հանդիպմանը՝ հրաժարվեն նախորդ պայմանավորվածությունից, քանի որ այն ամրագրող որևէ հիմք առկա չէ։
Արդյոք բավարա՞ր էր Արցախի հարցի հիշատակումը, առավելևս, որ հայտարարությունում նշված էր, որ պետք է ուշադրություն դարձնեն Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը: Կարելի է ասել՝ բանակցություններում հայկական կողմը իր դիրքերն ավելի է ամրապնդում։
Արցախի հարցի հիշատակումը բավարար կոչելու համար պետք է իմանալ, թե կոնկրետ ինչ հարցերի շրջանակ է քննարկվել դրա տակ։ Բայց միայն ինքնին Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության մասին հիշատակումն առաջընթաց է՝ համեմատած նախորդ հանդիպման հայտարարությունում դրա բացակայության հետ։ Ակնհայտ է, որ Արցախի հարցի մասին հիշատակումն արվել է հայկական կողմի ուղիղ պնդմամբ՝ ի հեճուկս ադրբեջանական ջանքերի։
Արդյոք ներկայիս իրավիճակը նպաստո՞ւմ է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, խաղաղության պայմանագիրը առաջ տանելու համար, թե սա նույնպես կարելի է դիտարկել հայտարարություն՝ հայտարարության համար։
Անգամ եթե դիտարկենք տեղի ունեցողը «հայտարարություն՝ հայտարարության համար» կարգավիճակում, պիտի արձանագրենք, որ այս պահին դա ձեռնտու է հայկական կողմին։ Ներկայումս հայ-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են որոշակի կառավարելիության ու վերահսկելիության մակարդակում, ինչը պատերազմից հետո դժվար էր պատկերացնել։ Պատերազմից թուլացած ու նոր-նոր վերականգնվող տնտեսությամբ երկրի համար նման հանդիպումները զգալիորեն թուլացնում են ռազմական գործողություններով առաջացած խնդիրները լուծելու սպառնալիքները՝ շեշտը դնելով միայն բանակցությունների վրա։ Դրա ապացույցն է վերջին ամիսներին սահմանային միջադեպերի գրեթե բացակայությունը՝ համեմատած պատերազմին հաջորդած մեկ տարվա հետ, երբ բացակայող բանակցությունների ֆոնին ադրբեջանական կողմը մշտապես գնում էր ուժի կիրառման՝ փորձելով ուժով ամեն հնարավորը խլել հայկական կողմից։
Արդյոք Ռուսաստանի և Արևմուտքի կողմից հակասությունները կարո՞ղ են անդրադառնալ նաև Արցախյան հարցի կարգավորման վրա։
ՌԴ-Արևմուտք հակասությունները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախի խնդրի կարգավորման վրա՝ հատկապես երկու կողմից ակտիվ նախաձեռնողական դերակատարում ունենալ փորձելու ֆոնին։ Սակայն ազդեցություն ասելով չպետք է դիտարկել միայն դրա բացասական ասպեկտը։ Այդ հակասություններից հայկական կողմը կարող է դուրս գալ շահեկան վիճակում, եթե կարողանա շարունակել գործել ընտրված ճիշտ դիրքավորումով։
Միջազգային հանրության արձագանքը՝ Հայաստանի խաղաղության օրակարգին ինչպե՞ս եք գնահատում։
Հայաստանի խաղաղության օրակարգին միջազգային հանրության արձագանքի լավագույն գնահատականն էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հարցազրույցը, որում նա գոհունակությամբ խոսեց Հայաստանից այդ ուղղությամբ իրականացվող քայլերի մասին՝ հայտնելով ԱՄՆ պատրաստականությունը նպաստելու այդ գործընթացին հայկական և ադրբեջանական կողմերի պատկերացումների հիման վրա։ Հայկական կողմի՝ փոխզիջումային լուծմանը կողմ լինելու պատրաստակամությունը բախվում է ադրբեջանական կողմից հնչող մաքսիմալիստական պահանջների պատնեշին, որով դիվանագիտական ձեռքբերման անհնար է հասնել։ Ակնհայտ է, որ դա տեսանելի է նաև կարգավորման հարցում շահագրգիռ այլ կողմերին, ու չեմ բացառում, որ վերջիններս փորձեն ճնշումներ գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ նրան պարտադրելով երևակայական խաղաղությունից տեղափոխվել իրական փոխզիջումային խաղաղության օրակարգ։
![]()