Քարտով վճարում կատարելիս հետվճար կստանան նաև նպաստառուները.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։

Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

ընտանեկան նպաստ,
 սոցիալական նպաստ,
 ծերության նպաստ,
 հաշմանդամության նպաստ,
 կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
 մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
 երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,
 պատվովճար,
 պարգևավճար։

Վերոնշյալ վճարները անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը:

Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ