«Մարտունու» ԲԿ-ն լինելու է մոդուլային նոր տիպի. կիրականացվի 8 բուժհաստատության շինարարական և արդիականացման ծրագիր

Կայուն և զարգացած առողջապահական համակարգը յուրաքանչյուր երկրի այցեքարտերից մեկն է: Այս առումով կարևոր է ոչ միայն ոլորտի լավ մասնագետների դերը, այլ նաև պետության ուշադրությունը առողջապահական հաստատությունների խնդիրների նկատմամբ:

Հայաստանում առողջապահական համակարգի զարգացման հարցը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության ներքո: 2021 թվականի՝ Կառավարության ընդունած ծրագրով նախատեսվում է իրականացնել շինարարական, արդիականացման և վերակառուցման 8 ծրագիր մարզերի և Երևանի բուժհաստատություններում։

Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ընդգծում է՝ վերջին տարիների համեմատ, Հայաստանում 2021 թվականից սկսած, աննախադեպ կապիտալ ներդրումներ են իրականացվում առողջապահական համակարգում: Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է վերանորոգել, արդիականացնել 20 հիվանդանոց, 9 պոլիկլինիկա, 10 ամբուլատորի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի երկու մասնաճյուղ և ԲԿ-ների կցակառույցները:

«2020թ. հուլիսից արդեն սկսել ենք «Մարտունու» ԲԿ-ի կառուցման աշխատանքները, որը նախատեսում ենք ավարտել 2022թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ սեպտեմբերից արդեն շահագործման հանձնելով 55 մահճակալ ունեցող, ամբողջովին կահավորված և արդիականացված բուժկենտրոն։ Բժշկական կենտրոնը մատուցելու է երկրորդային մակարդակի հիվանդանոցային ծառայություններ, որոնք ներառելու են պոլիկլինիկական ծառայությունը, լաբորատոր ախտորոշիչ ծառայությունները, թերապևտիկ ծառայությունները՝ ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար, վիրաբուժական և ինֆեկցիոն ծառայություններ»,- մանրամասնում է Էլիբեկյանը:

Այսինքն՝ «Մարտունու» ԲԿ-ն լինելու է մոդուլային նոր տիպի բուժհաստատություն: Ներկայումս այն տեղակայված է խորհրդային ժամանակներում կառուցված եռահարկ մասնաշենքում, ծախսարդյունավետության տեսանկյունից նպատակահարմար չէ դրա վերանորոգումը։

Մոդուլային նոր տիպին համապատասխան բուժհաստատություն կդառնա նաև Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոնը, որի շինարարական աշխատանքները արդեն ընթացքի մեջ են: Նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի 2023 թվականի երրորդ եռամսյակում:

«Նախատեսված է, որ կենտրոնում կլինեն նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները»,- նշում է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենը:

Թե’ «Մարտունու», թե’ «Վայոց ձորի» ԲԿ-ներն ունենալու են ուղղաթիռի վայրեջքի համար նախատեսված տարածքներ։

Նշված ԲԿ-ներից բացի, նախատեսվում է վերանորոգել «Նորքի ինֆեկցիոն» կլինիկական հիվանդանոցը և «Հոգեկան առողջության պահպանման կենտրոն»-ը, ինչպես նաև սկսվել են նախահաշվային աշխատանքներ՝ 10 այլ բժշկական հաստատություններում արդիականացման ծրագրերի իրականացման մասով:

«Հոգեկան առողջության պահպանման կենտրոն»-ը կունենա մոտավորապես 425 մահճակալ, իսկ «Նորքը»՝ 230 մահճակալ հզորություն: Նախատեսում ենք վերանորոգման աշխատանքներն ավարտել 2025 թվականին: Այս տարի նախատեսում ենք վերակառուցել Պր. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան բանկը»,- ընդգծում է Էլիբեկյանը։

Առաջիկայում առողջապահական գերատեսչությունը կհայտարարի նաև մրցույթ «Սիսիանի» ԲԿ-ի վերակառուցման համար: Այս բուժհաստատությունն ունենալու է 39-40 մահճակալ: Վերակառուցման և շինարարական աշխատանքներ կսկսվեն նաև Թալինի, Ծաղկահովիտի և Տաշիրի բժշկական կենտրոններում։ Մասնավորապես՝ Ծաղկահովիտում կլինի նոր կառույց, Թալինում՝ վերակառուցում: Արդեն կան պայմանագրեր նաև «Մասիս» բժշկական նորակառույց կենտրոնի շինարարական աշխատանքների համար: Դրանից հետո արդեն, ըստ բյուջեի հնարավորությունների, շինարարական աշխատանքներ կիրականացվեն Աշտարակի, Վաղարշապատի, Արթիկի և Եղվարդի բժշկական կենտրոններում։

Այս տարի կավարտվեն Չարենցավանի ԲԿ-ի կցակառույցի վերակառուցման աշխատանքները:

Երվանդ Էլիբեկյանի խոսքով՝ մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հարցը շատ կարևոր է, և պետք է ուշադրություն դարձնել նաև մարզային բուժհաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու դրանց՝ սարքավորումներով հագեցմանը։

2021թ-ին 6 շինարարական ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 1,7 մլրդ դրամ, որը մյուս տարի նախատեսվում է ավելացնել։ Իսկ Համաշխարհային բանկի «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է 800 մլն դրամի կատարողական «Մարտունու» ԲԿ-ի և 500-600 մլն դրամ՝ «Վայոց ձորի» ԲԿ-ի համար։

Բուժսարքավորումների համալրման մասին խոսելիս էլ Էլիբեկյանը նկատում է՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսված է բժշկական սարքավորումներով հագեցնել Մարտունու և Վայոց ձորի բուժհաստատությունները:

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում հիմնանորոգվել և հագեցվել են 18 բժշկական կենտրոն, 250 ամբուլատորիայից 170-ը կառուցվել կամ վերանորոգվել է։ Բուժհաստատությունների՝ վերանորոգման և հիմնանորոգման չափանիշներն ու դրանց ընտրությունը պայմանավորված է ներկա շենքային պայմաններով, սպասարկվող բնակչության թվաքանակով, սահմանամերձ լինելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ