![]()
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՀՀ Սահմանադրությամբ ու ժողովրդավարության ոգուն համապատասխան՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խաղաղ բողոքի ակցիա իրականացնել թեկուզև որևէ այլ հավաքի, քննարկման ժամանակ կամ դեմ։ Այս առումով խնդիր չունեմ այսօր Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հյուրանոցի դեմ բողոքի ակցիայի առնչությամբ։ Սակայն ժողովրդավարության հետ կապ չունի այն վակխանալիան, երբ զոռբայությամբ կամ խորամանկությամբ թափանցում ես շենք ու փորձում ներխուժել դահլիճ, հարամել ընթացող միջոցառումը, որտեղ հրավիրված չես։
Մասնավոր, հատուկ միջոցառումները, ինչպիսիք են սեմինարները, կլոր սեղանները կամ ֆորումներն ու կոնֆերանսները, որքան էլ բաց, հրապարակային միջոցառումներ են, այդուհանդերձ, բացարձակապես կազմակերպիչի իրավասությունն է որոշել, թե նա դրան ո՞ւմ է հրավիրում, և/կամ ո՞վ է այն լուսաբանում-հեռարձակում։ Աշխարհում ընդունված պրակտիկա է ու ոչ մեկ իրավունք չունի նեղվելու, թե ինչո՞ւ իրեն չեն հրավիրել, կամ ինչո՞ւ է միջոցառման կազմակերպիչը իր միջոցառման բացառիկ հեռարձակումը վերապահում այս կամ այն մեդիաընկերոջը։
Մեր Ինստիտուտի դեպքում ասեմ՝ մենք նման էքսկլյուզիվ իրավունք վերապահել, վերապահելու ենք այն մեդիաներին, որոնք տարիներով բարեխղճորեն վերատպել, տպագրել են մեր հոդվածները, հետազոտությունները, հաղորդագրությունները, մեր տեսակետները, գնահատականները հասցրել հանրությանը․․․ Այո, նման գործընկերությունը վաստակում է բացառիկության իրավունք։ Կամ էլ եթե անգամ դա չկա, միևնույնն է, ինքդ ես որոշում, թե ում ես հրավիրում լուսաբանելու, որովհետև գիտես, որ ինքը բարեխղճորեն կփոխանցի քո ստեղծած բովանդակությունը, այլ ոչ թե կկենտրոնանա հիմարությունների կամ թե, օրինակ, ինչ էր հագել այս կամ մասնակիցը, որով ջուրն է լցվում քո արված աշխատանքը․․․
Սա շատ նման է հրասանիքի, նշանադրության կամ ընտանեկան որևէ առիթի, որտեղ տանտերն է որոշում, թե ովքե՞ր են հրավիրված, ո՞ր լուսանկարիչը կամ օպերատորն է նկարահանելու իր միջոցառումը։
Այն ինչ այսօր տեղի է ունեցել Մարիոթ հյուրանոցում, իմ համոզմամբ պարզապես խուլիգանություն է, ժողովրդավարության, այլոց հավաքների իրավունքի ոտնահարում, այն էլ պատգամավորների մասնակցությամբ։ Ավելին՝ տեսակադրերը վկայում են, որ պատգամավորները վերազանցել են իրենց այլ իրավունքներ, ինչպես նաև փորձել խոչընդոտել անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատանքը, հրմշտել նրանց։ Նորմալ երկրում այդպիսի պատգամավորը կզրկվեր պատգամավորական մանդատից ու քրեական գործ կհարուցվեր մի քանի հոդվածներով։
Գրեթե 2 տարի առաջ՝ 2019թ․ հոկտեմբերին նման մի իրավիճակի բախվեց մեր Միջազգային և անվտանգային հարցերի հայկական ինստիտուտը, երբ երկու ընդդիմադիր քարոզչամիջոցների լրագրողները, չլինելով հրավիրված մեզ մոտ կազմակերպված միջոցառմանը, չունենալով թույլտվություն մուտք գործել ուրիշին պատկանող մասնավոր տարածք, բառիս բուն իմաստով միջոցառման ավարտից հետո ներխուժեցին դահլիճ, թույլ չտալով դահլիճում աշխատանքային մթնոլորտը շարունակել, վերադասավորել սենյակը, որպեսզի աշխատակիցները կատարեն իրենց աշխատանքային պարտականությունները, ավելին՝ դահլիճում ու իմ սենյակի հարևանությամբ աղմուկով խոչընդոտեցին գերմանացի դիվանագետի հետ իմ հանդիպումը։ Շարունակության մասին հանրությունը լավ թե վատ տեղյակ է համացանցում առկա տեսանյութից․ իմ և աշխատակիցների՝ տասնյակ անգամ արված “դուրս եկեք” կոչերը անպատասխան մնացին, և իմ կողմից ձևակերպված հարցը դարձրին իմ դեմ դատարան հայց ներկայացնելու հիմք։
Դրա շարունակությանն էլ հանրությունը ծանոթ է․ դատավոր Զարուհի Նախշքարյանը բացահայտ ստանձնեց նրանց պաշտպանությունը, նրանց անունից ապօրինի, օրենքով արգելված եղանակով եղանակով ընդլայնեց հայցի հիմքը և առարկան, “ներխուժում” բառը ճանաչեց “ծանր” վիրավորանք, ըստ էության կեղծեց միակ ապացույցը՝ տեսանյութը, դատավճռում գրելով,․ թե “լրագրողն ուզեցել է տարածքից դուրս գալ, մինչդեռ ես պահել եմ նրան տարածքում, որպեսզի վիրավորեմ,” և վերջնահաշվում 600,000 դրամի փոխհատուցում սահմանելով ոչ միայն հայցվորի ներկայացրած “վիրավորական բառի”, այլ նաև իր կողմից “ավելացված” երկու նոր բառերի համար։ Վերաքննիչ դատարանը իհարկե “մեծահոգաբար” ճանաչեց Զարուհի Նախծքարյանի կողմից դատավարական իրավունքի խախտումը, չեղարկեց նրա կողմից հայոց բառարանի երկու խեղճուկրակ բառը վիրավորանք ճանաչելը, բայց և այնպես՝ անմփոփոխ թողեց վճռի ֆիանսական մասը․․․ Վճռաբեկ դատարանը քննության էլ չառավ հետագա բողոքը։ Հետո պարզվեց, բոլոր առնչվող դատավորները միմյանց
շատ-շատ “գնահատում” են․ Գործը հասավ Բարձրագույն դատական խորհրդին, որտեղ Գագիկ Ջահանգիրյանը և խորհրդի անդամները միաձայն, Կարեն Անդրեասյանի ասած՝ “պլստացրեցին” դատավորին, նրա թույ տված խախտումները ճանաչելով, բայց չհամարելով “լուրջ”․․․
Եթե պետությունը՝ քաղհասարակությունը և դատական ատյանները ժամանակին ադեկվատ, համաչափ գնահատական տային այս ամենին, այսօր նրանք կամ այլոք արդեն ոգևորված չէին հարձակվի Ժողովրդավարության հայկական ֆորումի վրա։ Նրանք գիտեն, որ դատական համակարգում կան Նախշքարյաններ, Մխիթարյաններ, Ստեփանյաններ, Բադիրյաններ և այլք, որոնք “խիզախ” որոշումներ են կայացնում հօգուտ իրենց։ Եվ որքան էլ այն ժամանակ քաղհասարակությունը քննադատության ու բողոքի ձայն չհնչեցրեց կատարվածի վերաբերյալ, ես դատապարտում եմ ՀՀ քաղաքացիների ժողովրդավարական այդ իրավունքի վրա հարձակումը, այլոց իրավունքի ու ազատության սահյմաները խախտելը․․․
Իսկ կազմակերպիչը՝ մեր գործընկեր Իրազեկ քաղաքացիների միավորում — Union of Informed Citizens, Ֆրիդըմ հաուսը, թող իրենք որոշեն՝ դիմո՞ւմ են ոստիկանություն ու իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդմամբ, թե՞ ոչ, անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատանքի խոչընդոտման համար գործ հարուցվո՞ւմ է, թե՞ ոչ․․․
Իմ տխուր փորձից մի խորհուրդ․ եթե ես իմանայի, որ Հայաստանում ժողովրդավարությունն այսքան անպաշտպան է, ինքս որևէ բառ անգամ չէի ասի “դեպքի վայրում”․ ուղղակի կզանգեի ոստիկանություն ու մասնավոր տարածք անհրավեր ներխուժած անձանց միգուցե թևերը ոլորած տանեին ուր որ պետքն է․․․ Ինքս իմ գլխի գալիքը ու հնարավորությունը ճիշտ չգիտակցեցի, խղճացի, թե կին են, իսկ նմրանք վերջում իմ ընտանիքից ու երեխայից տարան 600,000 դրամը․․․
![]()