«Թրեյսին իր հարցազրույցում ներկայացրել է այն տեսակետը, ինչ ԱՄՆ-ն է ասում». քաղաքագետ

Ընդդիմությունը սպառում է իր ներքաղաքական օրակարգը՝ կանգ չառնելով պետության հեղինակության հետ առնչվող որևէ հարցի դեպքում, որը իսկապես խնդիր է:

Անդրադառնալով այսօր ՀՀ նախագահական նստավայրի դիմաց ընդդիմության կազմակերպած ակցիային՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը: Նշենք, որ պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, որին այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել էր իր նստավայրում:

Խոսելով ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի այն հայտարարության մասին, որ նամակով դիմել են Լիտվիայի նախագահին՝ վերջինիս հետ հանդիպելու խնդրանքով՝ Բադալյանն արձանագրում է՝ դա քաղաքական քայլ է, որն ավելի ընդունելի է, քան այսօր իրականացրած ակցիան:

«Հանդիպման մեջ ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում: Կարծում եմ՝ ընդդիմադիր ուժի ոչ միայն իրավունքն է փորձել հարաբերություն կառուցել արտաքին բոլոր այն գործընկերների հետ, որոնց հետ հարաբերություններ ունի Կառավարությունը, այլ նաև որոշակի քաղաքական ֆունկցիաներ իրականացնել և հարաբերվել նաև արտաքին դերակատարների հետ: Իսկ դրսում իրականացվող իրենց ակցիաները պետության հեղինակության վրա են ազդում, ինչը ողջունելի չէ»,- ասում է քաղաքագետը:

Վերջինիս դիտարկմամբ, երբ խոսում ենք Լիտվայի նախագահի այցի օրակարգի մասին, ապա պետք է նկատի ունենալ նաև, որ այցը ռեգիոնալ է, և Երևանից առաջ Լիտվայի նախագահը եղել է Բաքվում, որտեղ Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խնդիրը, արցախյան հարցին առնչվող թեմաներ, առկա գործընթացը:

«Սա իր հերթին հարց է առաջացնում, թե արդյոք Գիտանաս Նաուսեդան այդ առնչությամբ Բաքու և Երևան է այցելում որոշակի առաջարկներո՞վ: Ի դեպ, հատկանշական է, որ նրա երևանյան այցին զուգահեռ հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Բրյուսել, որտեղ սպասվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հերթական հանդիպումը: Եվ, ընդ որում, թերևս ուշադրության է արժանի այն, որ մինչ այդ մասին պաշտոնական հաղորդագրությունը, հանդիպման վերաբերյալ տեղեկություն էր հրապարակել հենց ընդդիմության ներկայացուցիչներից ՀՀԿ փոխնախագահը՝ Արմեն Աշոտյանը: Ահա այդ ամենի լույսի ներքո, իհարկե, ընդդիմության թե՛ բողոքի ակցիան, թե՛ նաև հանդիպման վերաբերյալ Լիտվայի նախագահին արվող առաջարկը կարող են ստանալ հավելյալ համատեքստ կամ տողատակ՝ կապված այդ գործընթացների հնարավոր որեւէ բովանդակության հետ»,- նշում է զրուցակիցը:

Անդրադառնալով Հայ դատի հանձնախմբի (ANCA)՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչին, ըստ որի՝ հորդորում են հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին՝ պատճառաբանելով, թե դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում վերջինս «վատ ցուցանիշներ է գրանցել»՝ Հակոբ Բադալյանն ասում է՝ հանձնախումբը փորձում է մտնել Հայաստանի ներքին քաղաքական դաշտ՝ լինելով այդ դաշտում կոնկրետ նպատակներ հետապնդող կուսակցության՝ ՀՅԴ-ի ենթակա կառույցներից մեկը:

«Ես կասկած չունեմ՝ Թրեյսիի հետ կապված այս հայտարարությունները և ակցիաները ունեն միայն ներքաղաքական շարժառիթ: Դեսպանի գործունեության հետ կապված որևէ դժգոհություն կամ դիտողություն պետք է ավելի վաղ հնչեր, քանի որ նրա գործունեությունն ընթանում է արդեն մի քանի տարի: Պետք է նկատենք, որ այդ ընթացքում վայրիվերումներ, աննախադեպ գործողություններ տեղի չեն ունեցել»,- ընդգծում է քաղաքագետը:

Վերջինս խոսքով՝ Թրեյսին իր հարցազրույցում ներկայացրել է այն տեսակետը, ինչ ԱՄՆ-ն է ասում, նորությունը միայն այն էր, որ ԱՄՆ-ն հանձնառություն է վերցնում աջակցել ժողովրդավարությանը, որի տողատակում դիտվել է աջակցության նշան՝ ՀՀ-ի քաղաքական ղեկավարությանը:

«Քանի որ դեսպանը հիշատակել էր 2018-ի ընտրությունների քվեարկության արդյունքները, 2021-ի ժողովրդի քվեարկությունը, սա ընդդիմության շարքերում առաջացրել է դժգոհություն: Սակայն այդ հայտարարությամբ Հայ դատի հանձնախումբը (ANCA) փոքրացնում է իր ֆունկցիոնալ դերակատարումը: Սա ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության մոտ կարող է թողնել որոշակի նստվածք, որը օգտակար չի լինի թե՛ Հայ դատի, թե՛ Հայաստանի համար»,- շեշտում է Բադալյանը՝ համոզմունք հայտնելով, որ Դաշնակցությունը փորձում է նեղ քաղաքական շրջանակ ներքաշել նաև Սփյուռքի իր ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներին, ինչը բավականին անցանկալի է և վտանգավոր և՛ այդ կառույցների հետագա աշխատանքի, և՛ ընդհանրապես ՀՀ-ի պետական քաղաքականության համար:

Բադալյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է, և անկախ նրանից, թե մենք ինչպես ենք գնահատում այդ ընդդիմության գործունեությունը, Հայաստանի նման փոքր ռեսուրսներով պետություններում ընդդիմությունը կարևոր բաղադրիչ է՝ արտաքին քաղաքականությունն ավելի ճկուն դարձնելու համար:

«Այն, ինչ հիմա անում է մեր ընդդիմությունը, միտված է անկառավարելի քաոս առաջացնելո՞ւն երկրում, եթե կան այդպիսի ռիսկեր, ապա նրանց գործողություններն անթույլատրելի են: Իսկ ընդհանուր առմամբ ընդդիմության գործողությունները կարող են օգտակար նշանակություն ունենալ՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում Հայաստանի մանևրի հարցում»,- համոզված է քաղաքագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ