«Ստեփանակերտում «Նիկոլ՝ դավաճան» բղավող ուսուցչի արարքը կրկին փաստում է՝ իրենց հուզողը իրականում Արցախի հարցը չէ». Պապոյան

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ շրջանառվող լուրերի, Արցախի երաժշտական դպրոցներից մեկի ուսուցիչը Ստեփանակերտի հրապարակում երեխաներին ստիպում է երդվել, որ վրեժ են լուծելու ՀՀ վարչապետից: Տեսանյութում նաև նկատելի է, որ երեխաները երգում են «Զարթնիր լաո» երգը, որը այս օրերին ընդդիմադիրները դարձրել են իրենց պայքարի հիմնը, ինչպես նաև փոքրիկները քաղաքական այլ վանկարկումներ են հնչեցնում:

Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ ենթադրելի է, որ նախաձեռնությունը նախապես ծրագրված է եղել:

Նկատենք, որ տեղի ունեցածի վերաբերյալ մինչ այս պահը Արցախի որևէ պետական մարմին չի արձագանքել, այդ թվում՝ Արցախի ՄԻՊ-ը: Հայաստանի ՄԻՊ-ը ևս որևէ կերպ չի անդրադարձել շրջանառվող տեսանյութին: Կառույցներից մեզ ևս չհաջողվեց մեկնաբանություն ստանալ:

ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող տեսանյութին, ցավով արձանագրեց՝ այդ ուսուցչի աշխատավարձի զգալի տոկոսը վճարվում է ՀՀ պետական բյուջեից, իսկ նա Արցախի հրապարակում բացականչում է «Նիկոլ՝ դավաճան»:

«Արցախի պետական բյուջեի 75 տոկոսը վճարվում է Հայաստանի Հանրապետությունից, այդ գործընթացի նախաձեռնողը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր պետությունը գումար է փոխանցում, որպեսզի այդ ուսուցիչը ապրի Արցախում, աշխատի Արցախում, վարձատրվում է երբեմն ՀՀ-ի ուսուցչից բարձր, որ Արցախը մնա հայկական: Այս ամենից ելնելով՝ պետք է համապատասխան տրամաբանության սահմաններում դիտարկել կատարվածը»,- ընդգծեց Պապոյանը:

Վերջինս չբացառեց, որ տվյալ ուսուցիչը կարող է ազգակցական կապեր ունենալ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ կատարվածը՝ ընդդիմության պատվերը լինել:

«Միակ պատճառը, որ այդպիսի զազրելի արարք կարող էր թույլ տալ ուսուցիչը, Քոչարյանի ազգակից լինելն է: Այդ տարիքի երեխաները ընդօրինակում են ուսուցչի վարքը: Չես կարող մեղադրել դպրոցական ցածր երեխային նման արարք կատարելու համար: Դա մեր կրթական համակարգի խնդիրներից մեկն է, որ ունենք նման ուսուցիչներ»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով նրան, որ մինչ այս պահը Արցախի ՄԻՊ-ի չի անարձագանքել տեղի ունեցածին՝ պատգամավորը նշեց՝ զարմանալի չէ ՄԻՊ-ի նման գործունեությունը. ՀՀ-ում արդեն կա մեկ նախկին ՄԻՊ, որի վերաբերմունքը մարդու իրավունքների հանդեպ ամեն ինչ ասում է:

«Այս ամենը տեղի է ունենում մի պարզ պատճառով՝ ընդդիմության հավաքներին լայն զանգված չի մասնակցում, փոքրաթիվ հավաքներ են, և նրանք ստիպված են երեխաներին ներգրավվել, գումարներ բաժանել և այլն»,- շեշտեց զրուցակիցը:

Գևորգ Պապոյանի դիտարկմամբ՝ արցախցի ուսուցչի նմանօրինակ վարքագիծը ևս մեկ անգամ փաստում է, որ նրանց հուզող հարցը իրականում Արցախի հարցը չէ. «Իշխանությունն է, հուզող հարցը միայն պաշտոնն է: Տեսանյութում հայատյացություն է, բայց վրեժը պետք է լուծել միայն թշնամուց, ոչ թե քո ժողովրդից: Ընդդիմությունը միայն թշնամանք է գեներացնում հայ ժողովրդի մեջ միմյանց հանդեպ»:

Պատգամավորը նաև շեշտեց՝ յուրաքանչյուր ծնողի համար պետք է անթույլատրելի լինի այն, որ իր երեխային որևէ մեկը կարող է փորձել օգտագործել որպես զենք հայ ժողովրդի որևէ հատվածի դեմ:

Նշենք, որ տեսանյութին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է նաև նույն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Վերջինս ևս ՀՀ ՄԻՊ-ի, Արցախի ՄԻՊ-ի և պատկան գերատեսչությունների ուշադրությունը հրավիրել է դեպքին և հույս հայտնել, որ կարձագանքեն: Ի դեպ, Ալեքսանյանը ևս հիշատակել է, որ ոչ ամբողջապես ստուգված տեղեկություններով՝ նման քայլի դիմած ուսուցիչը ազգակցական կապ ունի Քոչարյանների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ