Հայկական կարպետ՝ Գյումրու Բարեկամության այգում. Վերնիսաժի տաղավարների ծածկերը զարդանախշերով են կառուցվում

Տարածաշրջանում եզակիներից մեկը դառնալուն հավակնող Գյումրու Բարեկամության այգում գերժամանակակից Վերնիսաժ կգործի, որտեղ ներկայանալու և սեփական ու այլոց ձեռքի աշխատանքները ցուցադրել-վաճառելու հնարավորություն կունենան ոչ միայն Գյումրիի, այլ հանրապետության ցանկացած մարզի վարպետները:

Նպատակ կա Վերնիսաժում կազմակերպել նաև վարպետության դասեր, ցուցահանդեսներ:

Բարեկամության այգին վերակառուցվում է գործարար Ռուբեն Վարդանյանի «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի (TUF) միջոցով: Ծրագրի պատասխանատուներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ առաջին 25 տաղավարները նախատեսում են ավարտուն տեսքի հասցնել մինչ սեպտեմբերի կեսեր: Ընդհանուր առմամբ 4,5 քառակուսի մետրանոց 60 տաղավար է նախատեսվում ունենալ:

Դրանք յուրատեսակ դիզայնով են ստեղծվում, բոլորի ծածկերը հայկական զարդանախշերով կպատվեն: Վերնիսաժի տաղավարների դիզայնը մշակելիս ճարտարապետներն օգտագործել են հայկական ավանդական ճարտարապետությունում առկա զիգզագաձև տարրերը: Տաղավարները կարող են ձևափոխվել փայտե կոնստրուկցիաների և ձգվող հովանիների շնորհիվ, որոնք իրենց նախշերով և գունային համադրությամբ հայկական ազգային կարպետ կհիշեցնեն:

Մոդուլները կարող են նաև ձևափոխվել՝ ստանալով ալիքաձև, գծային կամ շրջանաձև դասավորություն։ Վերնիսաժի տաղավարների ճարտարապետական դիզայնը մշակել է IND Architects բյուրոն, որը 2020 թ-ին հաղթող ճանաչվեց TUF հիմնադրամի կողմից հայտարարած այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթում։

Տաղավարները տեղադրվելու են տարվա բոլոր եղանակների համար: Անձրևն ու ցուրտը ևս խնդիր չեն լինի: TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանն ասաց՝ դրանք ջեռուցվելու հնարավորություն կունենան:

«Հաշվի առնելով Գյումրիի եղանակային պայմանները և խստաշունչ ձմեռները՝ Վերնիսաժի տաղավարները լինելու են ֆունկցիոնալ տարվա բոլոր եղանակներին։ Տաղավարներում կցուցադրվեն թե՛ Գյումրիի, թե՛ Հայաստանի տարբեր մարզերի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ և արվեստի գործեր։ Վերնիսաժում կանցկացվեն նաև արվեստների ու արհեստների վարպետության դասեր, ցուցահանդեսներ և տոնավաճառներ»,- նշեց TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Վերնիսաժից բացի, Բարեկամության այգում նաև սահադաշտ է կառուցվելու: Ֆինանսավորումն իրականացվում է Եվրամիության կողմից՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի շրջանակում։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսի տեղեկացմամբ՝ ԵՄ-ի ներդրումը 300 հազար եվրո է, նույնքան գումար էլ տրամադրում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական TUF հիմնադրամը։

«Որպես ԵՄ ներկայացուցիչ՝ կասեմ՝ մենք անչափ ուրախ ենք այս նախագծին մեր ներդրումն ունենալու համար։ Բարեկամության այգու վերակառուցումը նպաստում է տնտեսության ու զբոսաշրջության զարգացմանը։ Վստահ ենք, որ այն կդառնա Գյումրիում ամենաայցելվող վայրերից մեկը: Տեղեկացանք, որ վերակառուցված Բարեկամության այգին աշխատելու է ամբողջ տարին։ Սա ևս մեկ լրացուցիչ խթան է զբոսաշրջիկների համար՝ այցելելու Գյումրի տարվա ցանկացած եղանակին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անտոնիս Ցամուլիսը։

Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն շուրջ 12 մլն դոլար է։ Պատասխանատուները վստահ են, որ Գյումրու Բարեկամության այգու գործարկումը շրջադարձային է լինելու Գյումրիում համար, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Զբոսայգին ավարտուն տեսքով նախատեսում են հանձնել քաղաքին 2023 թ․ աշնանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ