![]()
Օրերս Civic.am-ին էին դիմել քաղաքացիներ և նշել, որ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանական հիվանդանոցում քիմիաթերապիայի համար հիվանդներից գումարներ են գանձում, այն դեպքում, որ այդ կուրսը պետք է լինի պետպատվերի շրջանակներում։
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Հասարակայնության հետ կապերի և զարգացման բաժնի ղեկավար Քնարիկ Առաքելյանը Civic.am-ին փոխանցեց, որ ՀՀ քաղաքացիների համար քիմիաթերապիայի կուրսերն անվճար են՝ պետպատվերով: Դա վերաբերում է բուժօգնությանը, այն հետազոտությունների շարքին, որոնք իրականացվում են քիմիաթերապիայի կուրսի ժամանակ:
Եթե հիվանդը չունի որևէ սոցիալական խումբ, ապա, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության N 318-Ն որոշման, մեկ կուրսի ժամանակ մինչև 30.000 դրամի արժողությամբ դեղորայքը տրամադրվում է անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Եթե դեղորայքի արժեքը գերազանցում է 30.000-ի սահմանը, ապա սկսում է գործել համավճարի սկզբունքը: Մեկ օրացուցային տարվա մեջ անվճար է տրամադրվում մինչև 150.000 դրամին համարժեք դեղորայք: Սահմանաչափի գերազանցման դեպքում փոխհատուցվում է (վճարվում է) հիվանդի կողմից:
Եթե հիվանդը ունի սոցիալական որևէ խումբ, ապա, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության N 318-Ն որոշման, տրամադրվող դեղորայքի գումարը կրկնապատկվում է՝ մեկ կուրսի ժամանակ 30.000 դրամի փոխարեն տրամադրվում է 60.000 դրամին համարժեք դեղորայք: Մեկ օրացուցային տարվա մեջ անվճար է տրամադրվում մինչև 300.000 դրամին համարժեք դեղորայք: Սահմանաչափի գերազանցման դեպքում փոխհատուցվում է (վճարվում է) հիվանդի կողմից:
Հետևաբար Ուռուցքաբանության ազգային կենտրոնը քիմիաթերապիայի կուրսերի ժամանակ դեղորայքը անվճար տրամադրում է բոլոր այն դեպքերում, երբ դրա արժեքը չի գերազանցում պետպատվերի սահմանաչափը:
Պետության կողմից անվճար է տրամադրվում «Հերցեպտին» դեղորայքը, եթե կրծքագեղձի քաղցկեղը գտնվում է 1-3-րդ փուլերում:
Դեղն անվճար է տրամադրվում նաև այն դեպքում, երբ Կենտրոնն այն ստացել է մարդասիրական օգնության շրջանակներում: Օրինակ, ինչպես նշեց Քնարիկ Առաքելյանը, այս պահին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը անվճար տրամադրում է «Տեմոդար» (100 մգ) և «Տեմոդար» (140 մգ), «Ավաստին» («Բևացիզումաբ» 100 մգ), «Ֆիլգրաստին» դեղամիջոցները:
Վճարովի են թիրախային թերապիայի և իմունաթերապիայի դեղամիջոցները, որոնց գնային արժեքները բարձր են: Եթե հիվանդն ունի այս թերապիաների ցուցումը, ապա դեղորայքի ապահովումը լինում է իր կողմից:
Ինչ վերաբերում է նրան, որ համաձայն քաղաքացիների ահազանգի, Կենտրոնի բուժաշխատողներից Աննա Գրիգորևնան դեղ գնելու համար պացիենտներին ուղղորդում է իր դեղատուն, Առաքելյանը ասաց. «Հիվանդը դեղորայքը կարող է ձեռք բերել ցանկացած դեղատնից: Բժշկի կողմից դեղն ընդունվում է միայն պիտանելիության ժամկետի պահպանման դեպքում, և եթե խախտված չեն դրա պահպանման պայմանները: Ուղղորդում չկա:
Եթե դեղորայքը բերում է հիվանդը, ապա ամբողջ պատասխանատվությունը կրում է նա: Եթե դեղորայքը տրամադրվում է Կենտրոնի կողմից, ապա պատասխանատվությունը կրում է դեղորայքը մատակարարող կազմակերպությունը»:
Հետաքրքրվել էինք նաև ճառագայթային թերապիայի գների մասին. Քնարիկ Առաքելյանը նշեց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ճառագայթային թերապիան բոլոր պացիենտների համար, բացառությամբ ոչ ՀՀ քաղաքացիների, իրականացվում է պետպատվերի շրջանակում. բացառապես անվճար:
![]()