Արթուր Ասատրյանի`Դոն Պիպոյի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ հայտարարվել է հետախուզում. այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նախաքննական մարմնից չնշեցին, թե ինչի համար է նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Ասատրյանն Էջմիածնում է ծնվել, սովորել է երաժշտական դպրոցում, հետո սկսել է բոքսով զբաղվել։ 1987 թվականին Արթուր Ասատրյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել։ Իսկ 1991 թվականին նա թողել է սպորտն ու խորացել է գործարարության և քրեական աշխարհի մեջ։

Ասատրյանին թագադրված օրենքով գող Դոն Պիպո են անվանում։ Նա առանձնապես հայտնի դարձավ 2013 թվականին, երբ Իտալիայի իշխանությունները Դոն Պիոյի վրա միջազգային հետախուզում հայտարարեց` «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանության հետ կապված գործով:

2008 թվականին Իտալիայի իշխանություններն արդեն ձերբակալել էին Ասատրյանին ու ՀՀ 4 քաղաքացիներն` ազդեցիկ «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Պուխլի Արմեն Կանևսկի) կողմնակցի սպանության գործով։

Դոն Պիպոյի բիզնեսը
Թեև Դոն Պիպոն հիշատակվում է Իտալիայի քրեական խրոնիկայում, նրա հիմնական բիզնեսը Ռուսաստանում է։

Նրա գլխավոր ակտիվը «Դանվեստա» ընկերությունն է, որը Մոսկվայում կրպակների մեծ ցանց ունի։ 2016 թվականի սկզբին ընկերությունը մայրաքաղաքում ավելի քան 140 կրպակ ուներ։ ՌԲԿ–ն ժամանակին նշում էր, որ «Դանվեստան» նոր նմուշի կրպակների արտադրության մենաշնորհ ուներ։

2016 վերջին «Կոմերսանտում» արված հրապարակման մեջ նշվում է, որ «Դանվեստան» ղեկավարում էր նաև «Բոգորոդսկի» և «Պանորամա» առևտրի կենտրոնները, Cityman տաքսի ծառայությունը, Սերգիևո–Պոսադսկի ալրաղաց գործարանը, «Նորտեքս» ընպելիքների մատակարարումը, «Շելկովկա» ֆերմերական տնտեսությունը։

Այնտեղ նշվում է նաև, որ նրա որդին` Եղիա Ասատրյանը գյուղատնտեսական նախագծերով է սկսել զբաղվել։ 2016 թվականին Եղիան դարձել է «Ագրոֆերմա» ՍՊԸ–ի, «Արգո–ինվեստ» ՍՊԸ–ի ու «Ագրոգրիբի» ՍՊԸ–ի 10%–ի սեփականատերը։ Այդ պահին Եղիա Ասատրյանը նաև «Մարս» ՍՊԸ–ի, Մոսկվայի մոտակայքում գործող «Ավանտաժ» ՍՊԸ–ի (զբաղվում է մի շարք բաներով, այդ թվում` մթերքի վաճառք, զբոսաշրջություն ու շինարարություն) ու մոսկովյան «ԵԱՍ–Գրուպ» ՍՊԸ–ի (մթերքի արտադրող) ուղիղ սեփականատերն էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ