![]()
Araratnews.am–ը զրուցել է քաղաքագետ Մովսես Հարությունյանի հետ՝ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովի արդյունքների մասին։
Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գագաթնաժողովի աշխատանքները և ՀԱՊԿ-ի հեռանկարները:
ՀԱՊԿ-ի աշխատանքներում գնալով նկատվում է որոշակի ակտիվացում և կա տպավորություն, որ վերջին աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ անդամ երկրները նպատակադրվել են ավելի բարձրացնել կառույցի դերը և այն, ինչի համար կոչված է կառույցը, տեսական մակարդակից տեղափոխել գործնական դաշտ։ Եթե նայում ենք զուտ կանոնադրային և բովանդակային-ֆունկցիոնալ մասին՝ ՀԱՊԿ-ը բավականին լուրջ կառույց է, որն ի վիճակի է հաղթահարել անդամ երկրների առաջ ծառացած մարտահրավերները, բայց ինչպես մենք տեսանք մեր օրինակով, գործնականում ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, ինչպես որ պետք է լիներ։
Մասնավորապես, ՀՀ վարչապետի ելույթը բարձրացրե՞ց մեզ անհանգստացնող հարցերը և ինչ հետևանքներ կարող է ունենալ:
ՀՀ վարչապետի ելույթն իր շեշտադրումներով ու հստակ արձանագրումներով բացառիկ էր ՀԱՊԿ-ի պատմության մեջ, երբ անդամ երկրներից մեկի ղեկավարը հրապարակայնորեն հանդես է գալիս կառույցի հասցեին կոնկրետ հասցեական քննադատությամբ։ Ճիշտ է՝ նախկինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս հանդես էր եկել որոշակի դժգոհությամբ, սակայն Նիկոլ Փաշինյանի շեշտադրումներն ավելի կոշտ էին ու թիրախային։ Չեմ կիսում տարածված մոտեցումները, թե Նիկոլ Փաշինյանի նման ելույթը կարող է վատ հետևանքներ ունենալ ՀՀ-ի համար, քանզի ՀԱՊԿ անդամ երկրների մի մասը այս պահին գտնվում է այնպիսի բարդ իրավիճակում, որ հենց նրանց է ձեռնտու այսպիսի օբյեկտիվ քննադատությունների բարձրաձայնումը, որը միտված է կառույցի գործնական արդյունավետության բարձրացմանը։ Բացի այդ, կարևոր է նաև այն հանգամանքը, որ սա ոչ թե միայն Նիկոլ Փաշինյանի անձնական կարծիքն էր, այլև նա արտահայտեց հայ հասարակության շրջանում առկա մոտեցումը։ Հայաստանը ձևակերպեց կառույցից ունեցած իր ակնկալիքները, և անդամ երկրների ղեկավարներից ոչ մեկը չհակազդեց՝ ըստ էության ընդունելով, որ ՀՀ վարչապետը ճիշտ էր իր քննադատություններում։
ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցությունը և տարակարծությունները որքանո՞վ կարող են խանգարել միասնական աշխատանքին:
Տարիներ շարունակ մենք մեր հասարակությանը սնել էինք ՀԱՊԿ-ի միֆով, ըստ որի, եթե Ադրբեջանը հանկարծ համարձակվի ոտնձգություն անել ՀՀ սահմանների նկատմամբ՝ ՀԱՊԿ-ն անմիջապես զորք կուղարկի Հայաստան, քանի որ այն կդիտարկվի որպես ՀԱՊԿ-ի վրա հարձակում։ Սակայն մենք տեսանք, որ դա ընդամենը միֆ էր. Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն սահմանների վրա՝ ներխուժելով մի քանի կիլոմետր Հայաստանի տարածք, սակայն ՀԱՊԿ-ը ոչ միայն զորք չուղարկեց, այլ նաև խուսափեց հրապարակայնորեն ու հասցեական դատապարտել ագրեսոր երկրին՝ Ադրբեջանին։ Պատճառները տարբեր էին, բայց դրանցից ամենաէականն այն էր, որ ՀԱՊԿ անդամ երկրները շատ լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Սակայն նոր աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ՀԱՊԿ անդամ երկրների համար առաջնային են դառնալու ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունները, այլ կառույցի հեղինակությունը, որը էականորեն նվազեց ադրբեջանական ագրեսիային չհակազդելու պատճառով։
Այս համատեքստում՝ Ադրբեջանի գործողություններին որքանո՞վ հակակշիռ կարող է լինել ՀԱՊԿ-ը՝ անհրաժեշտության դեպքում:
Սխալ կլինի ասել, որ ՀԱՊԿ-ն այս պահի դրությամբ լիարժեքորեն կարող է դիտարկվել որպես ադրբեջանական ենթադրյալ հարձակմանը հակակշիռ, բայց տեսանելի է, որ տեղի ունեցող անկեղծ խոսակցություններն ու աշխարհաքաղաքական նոր զարգացումները տանում են այդ ճանապարհով։ Աշխարհի մյուս երկրներից մեկուսացած և դեռևս պատերազմի մեջ գտնվող ՌԴ-ի համար գնալով մեծ կարևորություն են ձեռք բերում դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք չեն կարող իրենց դրական ազդեցությունը չունենալ Հայաստանի առաջ ՀԱՊԿ-ի ունեցած պարտավորությունների կատարման ու Հայաստանի կողմից բարձրացված ակնկալիքների իրականացման վրա։
![]()