«Անբարո է, երբ քաղաքական ու քարոզչական խաղաքարտ է դառնում որդեկորույս ծնողի էմոցիոնալ ծանր վիճակը».Հակոբ Բադալյան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պատերազմի հետեւանքով զավակ կորցրած ծնողը կարող է եւ դուրս գալ որեւէ սահմանից ու ասել բաներ, որոնք կարող են աղերս չունենալ նաեւ օրինականության հետ:

Սա անընդունելի է, բայց միանգամայն հասկանալի՝ մարդիկ կորցրել են իրենց համար ամենաթանկը, եւ այդ կորուստը անպատկերացնելի է, որովհետեւ մեկը կարող է դիմանալ ու կրել կորուստը շատ լուռ, մյուսը՝ պարզապես դուրս գալ ափերից ու խելագարվել:

Անբարոն՝ առանց չափազանցության անբարոն սկսում է այնտեղ, երբ այդ երեւույթը դառնում է քաղաքական խաղաքարտ, քարոզչական նյութ:Էստեղ ուզում եմ հստակեցնել շատ կարեւոր հանգամանք:

Խոսքն այն մասին չէ, որ օրինակ ընդդիմությունը չպետք է զոհված զինծառայողի ծնողին ներգրավի իր քաղաքական պայքարի մեջ, այդ թվում եւ իշխանության հասցեին կոշտ եւ սուր քննադատությամբ:

Եթե նրանք համարում են, որ իրենց որդիների մահվան համար պատասխանատվություն ունի քաղաքական իշխանությունը, ուրեմն ազատ են արտահայտել իրենց կարծիքը՝ այդ թվում որեւէ քաղաքական շրջանակում:

Ի վերջո, քաղաքական իշխանության քարոզչական շրջանակում էլ պարբերաբար հայտնվում են զոհված զինծառայողների ծնողներ, որոնք այլ կերպ են գնահատում իրավիճակը, ըստ այդմ դրսեւորում են այլ վարքագիծ:

Դա էլ նրանց իրավունքն է, եւ ընդ որում անբարո է նրանց էլ դրա համար մեղադրելն ու թիրախավորելը, ինչը արվում է դարձյալ քաղաքական նկատառումներով:

Բուն խնդիրն այն է, երբ քաղաքական ու քարոզչական խաղաքարտ է դառնում որդեկորույս ծնողի էմոցիոնալ ծանր վիճակը, եւ առավել եւս՝ «հմտորեն» արվում է ամեն ինչ, այդ էմոցիան որեւէ սահմանից դուրս բերելու եւ հետո այն «քարոզչական սկուտեղի» վրա մատուցելու համար: Սա է անթույլատրելին, անբարոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ