![]()
Փողոցում պայքար սկսած ընդդիմությունը վերջին երկու օրվա իր գործողություններով նպատակ ունի հրահրել և ստանալ երկրորդ Մարտի 1, սակայն փոքր մասշտաբներով:
«Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանը: Ըստ նրա՝ եթե սկզբնական շրջանում ընդդիմությունը իսկապես խաղաղ ակցիաներ էր իրականացնում, ապա վերջին շաբաթները ցույց են տալիս, որ նրանց նպատակը բախման գնալն է:
«Ընդդիմադիրների բացասական էներգիան առանց հետևանք չի կարող մնալ: Հստակ չեն ասում և բացահայտում, թե այս գործողություններով ի՞նչ նպատակ են հետապնդում, որ հասկանանք՝ ձախողե՞լ են պայքարը, թե՞ ոչ, սակայն բախումների են գնում: Իրենց հաշվին արդեն ունեն մեկ Մարտի 1, փորձելու են ստանալ 2-րդը: Այս ամենից միայն ժողովուրդն է տուժելու: Մյուս կողմից էլ, ճիշտ է, կան մարդիկ, որոնք սատարում են այս խմբին, սակայն շատերը պատրաստ չեն գնալ այդ բախումներին»,- ասում է Կարապետյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ ներկայիս ընդդիմության վարքագծի համար պատասխանատուն այսօրվա իշխանությունն է, քանի որ գործող իշխանությանը չի հաջողվել փոխել իրավապահ համակարգը, որպեսզի փողոց դուրս եկած որոշ մարդիկ, ըստ օրենքի, իրենց գործողությունների համար ենթարկվեին պատժի:
«Այժմ էլ իշխանությունը գնահատական չի տալիս ընդդիմության գործողություններին: Այդ է պատճառը, որ ավելի լկտիացած, հղփացած հանցավոր ռեժիմը փորձում է վերադառնալ հետ ու սպառնում է սեփական ժողովրդին: Այսօր փողոցում չպետք է լինեին Քոչարյաններ, Սարգսյաններ, Երանոսյաններ և այլք: Նրանք պետք է լինեին քրեակատարողական հիմնարկներում և չվերադառնային քաղաքականություն: Իրենց միակ մոլուցքը իշխանության վերադառնալն է»,- շեշտում է Կարապետյանը:
Անդրադառնալով ընդդիմության առաջնորդների այն պնդումներին, թե ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում՝ իրավապաշտպանն ընդգծում է՝ ժամանակին պատասխանատվության չենթարկված անձինք հակում ունեն ավելի կատարելագործված գործողությունների գնալ:
«Դիտավորությամբ բախումների գնացողները և հրահրողները չեն կարող մնալ անպատիժ։ 2018 թվականից հետո ոստիկանությունն իր գործողությունների մեջ շատ է փոխվել: Ծավալի իմաստով դեռ չենք տեսել այն բռնությունը, որը կատարվում էր մինչև 2018-ը, թեպետ կարող է այս օրերին դա էլ լինել: Այս պահին մեր ոստիկանությունում չունենք Երանոսյան Լևոն, դրա համար էլ լուսաձայնային նռնակներ չեն օգտագործվում: Սակայն որևէ երաշխիք չկա, որ չեն օգտագործվի: Մի բան հստակ է՝ նախկին ոստիկանությունը մահակներով ու վահաններով ջարդում էր ժողովրդին»,- նշում է զրուցակիցը:
Իրավապաշտպանը թերահավատություն ունի, որ այս օրերին օրենք խախտած կամ այլ գործերով կալանավորված անձինք լիարժեք պատասխանատվություն կկրեն:
«Չբարեփոխված իրավապահ մարմինները տապալել են բոլոր քրեական գործերը, փողոցում գնվողներից շատերը պետք է անազատության մեջ լինեին և հնարավորություն չունենային հանրահավաքներ կազմակերպելու, բոլորի կյանքը բարդացնելու: Ես հույս չունեմ, որ պատասխանատվության ենթարկվող անձինք կլինեն»,- նշում է Կարապետյանը և հավելում, որ դատական համակարգում ևս քաոս է:
Վերջինիս խոսքով՝ դատապարտելի է նաև այն փաստաբանների գործունեությունը, որոնք իրենց արարքներում փորձում են արդարացնել ընդդիմության ներկայացուցիչների բռնության կոչերը, ատելության խոսքի տարածումը:
«Այդ փաստաբանները իրենց շահառուներին են պաշտպանում: Ծառայություն է, որը մատուցվում է որոշակի գումարի դիմաց: Շատ կարևոր է, որ Ազգային ժողովում երբեք չհնչի ատելության խոսք, վիրավորանք, բռնության կոչ, ինչը բոլոր կողմերը կիրառում են: Երբ փորձում են մեղադրել ժողովրդին, պետք է հասկանան, որ շարքային քաղաքացին ընդօրինակում է հանրային դեմքերի վարքագիծը»,- շեշտում է իրավապաշտպանը:
Դիտարկմանը, որ վերջին օրերին կալանավորված բոլոր անձանց, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներ են կատարել, ընդդիմադիր կողմը ներկայացնում է որպես քաղբանտարկյալների: Հարցադրմանը՝ արդյոք այդպե՞ս է՝ Նինա Կարապետյանը հիշեցնում է՝ ներկայիս ընդդիմության՝ իշխանություն եղած տարիներին էր, որ իսկապես եղել են քաղբանտարկյալներ:
«Մենք ունեցել ենք շատ լուրջ քաղաքական բանտարկյալներ, որոնք իրենց գոյությամբ Հայաստանին արժևորել են, ունեին հստակ գաղափարներ: Հիմա փողոցային խուլիգաներին անվանում են քաղբանտարկյալներ, սա աբսուրդ է: Քաղբանտարկյալը հստակ կատեգորիա ունի: Սովորություն դարձնել և ամեն մեկին հայտարարել քաղբանտարկյալ, նսեմացնում է այդ կատեգորիան: Ամոթ է»,- ասում է իրավապաշտպանը:
![]()