«Մանդատ ունեցող լածիրակը իրեն անվայել է պահում ոստիկանի հանդեպ, անգամ՝ ձեռքերին ազատություն տալիս.․․»․ Ռուբեն Մեհրաբյան

Ընդդիմադիր ուժերը շարունակում են փողոցային պայքարը: Ըստ առաջնորդների՝ այս շաբաթվանից անցել են է՛լ ավելի վճռական գործողությունների: Թեպետ հնչող հայտարարություններին, մարտավարության փոփոխությունն այնքան էլ նկատելի չէ, քանի որ վերջիններս ամեն օր հիմնականում իրականացնում են այն գործողությունները՝ հանրահավաքներ, երթեր, ճանապարհների փակում, ավտոերթեր, ինչ իրականացնում էին պայքարի սկզբնական օրերին:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ «Դիմադրության» շարժումը չունի հանրության լայն զանգվածի աջակցությունը, հետևաբար չունի նաև սոցիալական հենարան, ինչպես նաև՝ շարժման դրդապատճառները կապ չունեն պետության իրական օրակարգերի հետ: Վերջինս վստահ է, որ ձախողումը շատ ուղիղ կապված է այս ամենի հետ:

«Ընդդիմությունը հասկացել է՝ իշխանափոխության որևէ շանս չկա, և անցել են կենցաղային խուլիգանության, իրականացնում են ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հանցագործություններ: Օրինակ՝ տեսնում ենք, որ պատգամավորի մանդատ ունեցող մի լածիրակ իրեն անվայել է պահում ոստիկանների հետ շփվելիս, այդ թվում՝ ձեռքերին ազատություն տալիս»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Մեհրաբյանը՝ նկատի ունենալով ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին:

Վերջինիս համոզմամբ՝ Դատախազությունը նման վարքագիծ դրսևորող մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկի. «Գլխավոր դատախազը պետք է միջնորդությամբ հանդես գա Ազգային ժողովում, որպեսզի նման լածիրակները խորհրդարանում անելիք չունենան: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի պահվածքն էլ երեկ կրկեսային բեմադրություն էր: Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Անդրադառնալով ընդդիմության լիդերների այն հայտարարություններին, ըստ որոնց՝ հանրահավաքներին և երթերին մասնակցում է 40-50 հազար մարդ՝ քաղաքագետը նշում է՝ հնարավոր է՝ այդքան մարդու համար գումար են դուրս գրել և դրանից ելնելով՝ նման թվեր են հրապարակում:

«Դրանով փորձում են իրենց արած ծախսերն արդարացնել»,- կարծում է նա:

Մեհրաբյանը նաև հիշատակում է իրավապահ համակարգի բացահայտած դեպքերը, որոնցով պարզ է դառնում ակցիաներին մարդկանց գումարով շահագրգռելու մասին: Ըստ նրա՝ այս մասով ոստիկանությունն իր աշխատանքը լավ է կատարում, սակայն Քննչական կոմիտեն և Դատախազությունը թերանում են:

«Նմանատիպ դեպքերին պետք է տրվի քրեաիրավական եզրակացություն, և դրանց պետք է հետևեն մի շարք գործընթացներ: Պարզ է, չէ՞, որ ամեն բան համակարգված է գործում: Պետք է այդ բուրգի վերևը պարզել, բուրգի ներքևի մարդկանց ձերբակալելով միայն՝ հարցը չի լուծվի»,- ասում է նա:

Վերջինս ընդգծում է՝ ընդդիմությունն առաջնորդվում է մեկ կարգախոսով՝ ամեն բան ավերելու, իսկ հետո կհասկանան, թե ինչ են անում: Սա է պատճառը նաև, որ չեն ասում, թե ովքեր են լինելու իրենց պատկերացրած ժամանակավոր կառավարության լիդերները, քանի որ հենց անուններ հնչեցնեն, խժդժություններ են սկսվելու:

«Ավերելու համար մոբիլիզացրել են ողջ տականքը, ի դեպ, ոչ միայն Հայաստանից, այլ տարածաշրջանի մի քանի երկրներից ևս»,- նշում է Մեհրաբյանը:

Մեհրաբյանի կարծիքով՝ այս օրերին պետությունը ևս իր պարտականությունները լիարժեք չի կատարում՝ տեղի ունեցողին իրավական գնահատական չի տրվում, ինչը մտահոգիչ է:

«Ժողովրդավարությունը, որի մասին ասում են, պետք է հասկանան՝ դրա մեջ մտնում է օրենքի գերակայությունը, իսկ օրենքի առջև հավասար են բոլորը: Գյումրու դեպքով 5 մարդ է կալանավորվել, սակայն պետք է կալանավորվեն նրանց գլխավորները, որոնք դրդել են գնալ այդ գործողություններին: Երբ ընդդիմությունը ցույց է կազմակերպում, պետք է պատասխանատու լինի բոլոր միջադեպերի համար: Սրա համար եմ ասում, որ դատախազությունն իր տեղում չէ»,- նկատում է նա:

Քաղաքագետին չի գոհացնում նաև իշխանության արձագանքը տեղի ունեցողին, կարծում է՝ պետք է ավելի բարձր մակարդակով այն արվի, սակայն նկատի չունենալով վարչապետին:

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը պետք է համարժեք քայլերի գնա ցանկացած դեպքում: Իսկ համարժեք քայլն արդեն ասացի՝ որն է: Պետության այսօրվա թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է: Բախումներ են ամեն օր տեղի ունենում, ոստիկանների վրա են հարձակվում ընդդիմության ներկայացուցիչները, ձեռք երկարացնում, վիրավորում: Ընդդիմադիրներն էլ տեսնում են, որ անպատիժ են մնում, անցնելու են էլ ավելի կտրուկ գործողությունների: Այսօր, եթե ձեռք են երկարացնում, վաղը դագանակները (մահակ) կերկարացնեն, քանի որ մնում են անպատիժ»,- շեշտում է քաղաքագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ