Վանեցյանի կուսակցության խոսնակը չի հերքում Սարգսյանի ու Քոչարյանի վատ համբավ ունենալը՝ կարծելով, որ եթե նրանք հարթակում չեն, ուրեմն չեն նույնացվում շարժման հետ

 

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ, նորաթուխ քաղգործիչ Սոս Հակոբյանը «Ֆակտոր TV»-ի եթերում որոշ ուշագրավ հայտարարություններ է արել «Դիմադրություն» շարժման վերաբերյալ։

Արձագանքելով լրագրողի հարցին՝ ովքեր են այն անձինք, որոնք, ինչպես օրեր առաջ նշեց Վանեցյանը, խանգարում են, հարվածներ են հասցնում շարժմանը՝ գտնվելով Ֆրանսիայի հրապարակում, երիտասարդ քաղգործիչը սար ու ձոր է ընկնում՝ այդպես էլ չտալով «խանգարողների» անունները։ «Մենք ասել ենք, որ անուններ չենք տալու, որովհետև էդ մարդկանց տեսնում է հասարակությունը, որոնք գալիս են հրապարակ, բայց պետք է ավելի շատ բացել մեսիջը, որ ասվում է, որ՝ հարգելի ընկերներ, մենք էլ նկատում ենք մարդկանց, որոնք մեկ օր, երկու օր գալիս են, կապ չունի, թե քանի օր են գալիս, և գալիս են, իրենց ներկայությամբ գուցե վանում են մեր հասարակության այլ անդամների։ Խոսքը դրա մասին է, հարգելիներս, մենք էլ ենք դա նկատում, մեր դուրն էլ դա կարող է չգալ։ Բայց դա չէ կարևոր, մեր նպատակներն են կարևոր, ինչի ենք մենք էդ շարժումը անում, մենք էդ շարժման ընթացքում ինչ արժեքներ ենք դավանում»։ Լրագրողի դիտարկմանը, թե՝ գուցե ձեր շարժմանը հարված են հասցնում հենց ընդդիմության առաջնորդնե՞րը՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որոնք 20 տարի բացարձակ իշխանություն են ունեցել և չեն լուծել Արցախի հարցը, ու մարդիկ ուղղակի չեն հավատում և չեն սիրում առաջնորդներին՝ խոսնակը շենշող պատասխան է տալիս.

— Իսկ դուք հարթակում տեսե՞լ եք Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

— Գալիս են էնտեղ, աջակցում են։

— Հայաստանի քաղաքացի են բա, իրանց համակիրները էնտեղ են, որ գալիս են էնտեղ և ի՞նչ, դա նշանակում է ի՞նչ, ուզում եմ հասկանամ, էլի։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմած կուսակցության մամլո խոսնակը, որը իրերի պատճառահետևանքային կապը հասկանալու հետ կապված խնդիր ունի, անուղղակիորեն հաստատում է նախկին երկու նախագահների վատ համբավ ունենալու փաստը՝ այլապես կառարկեր լրագրողի դիտարկմանը։ Եվ բացի սրանից, ըստ խոսնակի, ստացվում է, որ եթե երկրորդ և երրորդ նախագահները հարթակում չեն, այլ շարքային ցուցարարի կարգավիճակով կանգնած են հարթակից ներքև կամ քայլում են երթերի առջևից, այսպիսվ դադարում են իդենտիֆիկացվել շարժման հետ, դադարում են լինել այդ շարժման շահառուները, չեն հովանավորում, չեն ֆինանսավորում այն։

Խոսնակն այնուհետ փորձում է սվաղել շարժման լիդերների վերաբերյալ լրագրողի հարցն ու նշում է, թե՝ «հանրության տարբեր հատվածներ, այո, շատ հնարավոր ա՝ խնդիրներ ունեն՝ մի մասը Սերժ Սարգսյանի հետ, մի մասը Քոչարյանի հետ, մի մասը Դաշնակցության հետ, մի մասը մեր կուսակցության հետ, և այլն, և այլն, դա նորմալ է»։ Ապա ուշագրավ հավելում է անում. «Երբ որ ձեր նշած մարդկանցից մեկը գա հարթակ և փորձի սեփականաշնորհել էդ հարթակն ու հրապարակը կամ շարժումը իրենով անել, ես էլ կասեմ՝ ես այս մարդու համար չեմ ուզում գալ։ …Բայց ամեն ինչ արվում է, որ որևէ մեկի հագով շարժումը չկարվի»։ «Յա, իրո՞ք»,- Հակոբյանին արձագանքենք Սերժ Սարգսյանի ոճով ու մի հարց տանք՝ իր կուսղեկը՝ Վանեցյանը, ստուգե՞լ է իր հանրային աջակցության մակարդակը, թե՞ իրեն թվում է, որ եթե հարթակ բարձրանալու և ելույթ ունենալու հնարավորություն ունի, հետևապես ունի նաև բարձր հեղինակություն ու կարող է իր հմայքով խելքահան անել հասարակությանն ու լցնել Ֆրանսիայի հրապարակը։ Իսկ գուցե, ի թիվս այլոց, նաև ի՞նքն իր ներդրումն ունի շարժման սակավամարդ լինելու մեջ։

Ժամանակն է, որ ԱԱԾ տնօրենից շարքային քաղակտիվիստի վերածված Վանեցյանն ու մյուս «դիմադրողականները» դադարեն ռետինե խողովակի տեղ դնել ժողովրդին, որը շատ լավ հասկանում է, թե այս նորահայտ, բայց հին դերասաններով կինոյում ով ինչ դեր է խաղում, ով ում բարեկամն է, ով է գինեգործ Պողոս Պողոսյանը, ով է Պետրոսը, և ով է Գարսևանին գցել մաշնի տակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ