![]()
«Ասեմ ձեզ… ես ամենևին չեմ մեղադրում Արմեն Գրիգորյանին իր արած արտահայտությունների համար: Քիչ չեմ հանդիպել մարդկանց, ովքեր խոսափող ստանալուն պես այնպիսի բաներ կխոսեն, որ Քրեական օրենսգրքի մի քանի տասնյակ հոդվածներ կշալակեն: Հանրային խոսքը ամեն մարդու բան չէ»:
Այս մասին ֆեյսբուքյն իր էջում անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ձերբակալությանն ու ավելի վաղ նրա կողմից հնչեցված հայտարարություններին, գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ շարունակելով.
«Խնդիրը այն մամուլի միջոցներն են, որոնց հիմնական գործառույթը դարձել է ատելության խոսք հնչեցնողներին «ռասկրուտկա» անելը: Կամ ավելի ստույգ ասած խնդիրը այն քաղաքական ուժերն են, որոնք տիրապետում են մամուլի միջոցներ, որոնք «ռասկրուտկա» են անում ատելության խոսքը:
Եթե Արմեն Գրիգորյանը չստանար ցույցի ամբիոնի խոսափողը և չհրավիրվեր եթերների իշխանությունների դեմ թշնամանք սերմանելու համար, ապա համոզված եմ, առավելագույնը նա կլիներ այս ցույցերի խաղաղ մասնակից:
Այսքանից հետո սպասելու եմ այդ ուժերի ներկայացուցիչների հայտարարություններին, որով կհիմնավորեն Գրիգորյանի խոսքերը և կպնդեն, որ նա ազգամիջյան թշնամանք չի սերմանել»:
Հիշեցնենք՝ Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Շիրակի ու Արարատյան դաշտվայրի բնակիչները միշտ դավաճան են եղել, և հիմա «նիկոլական» դրանք են: «Սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել, վիրավորում եմ, լավ եմ անում»,- մասնավորապես նշել էր նա:
Երելկ ԱԱԾ-ն հաղորդագրություն և տեսանյութ հրապարակեց այն մասին, որ Գրիգորյանը ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մասին հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
![]()