![]()
Քրեական անցյալ ունեցող և տարբեր գործերով անցնող օլիգարխիայի որդիները ակտիվորեն լծվել են «Դիմադրություն» շարժման ցույցերին, երթերին ու նստացույցին՝ ցույց տալով, որ ներկա ընդդիմության հենարաններից են։ Ընդ որում՝ նրանք անցնում են քրեական տարբեր գործերով, ուստի թերևս հույսը իշխանափոխության արդյունքում քրեական հետապնդումից ազատվելն է։
Այս օրերին ՀՀԿ երիտթևի, Աշոտյանի ու Շարմազանովի հետ փողոցում երթ անող ու ակտիվորեն փողոց փակող Ալեքսանդր Սարգսյանի՝ Սաշիկի տղան՝ Հայկ Սարգսյանը, ևս անցնում է քրեական գործերով։ Նա մեղադրվում էր 2007թ.-ին իրենց տան նկուղում անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը ապօրինի ձեռք էր բերել և մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը պահել հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի, 7421361 ինքնաշեն դրոշմված համարի, «SIGSAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի թվով 7 փամփուշտներ: 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը ընկերների՝ Դավիթ Աշոտի Սիմոնյանի և Արթուր Գրիշայի Սիմոնյանի հետ գտնվել է բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում տեղակայված, անվտանգության աշխատակիցների համար նախատեսված սենյակում, որտեղ մարիխուանա տեսակի թմրամիջոց գործածելուց հետո քնել է բազմոցին՝ ձեռքում պահելով մինչ այդ մարտական վիճակի բերված վերը նշված ատրճանակը:
Քիչ անց Դավիթ Սիմոնյանը հետագա օգտագործման համար թմրամիջոցի չափաբաժին չհատկացնելու շուրջ վիճաբանել էր Արթուր Սիմոնյանի հետ, և ձայներից արթնացած Հայկ Սարգսյանը, միջամտելով և առավել վտանգի աղբյուր հանդիսացող հիշյալ ատրճանակը պահելով Դավիթ Սիմոնյանի ուղղությամբ, բարձրաձայնելով վերջինիս կյանքից զրկելու իր մտադրությունների մասին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է նրա կենսականորեն կարևոր օրգանի՝ որովայնի ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով՝ լյարդի և աջ երիկամի վնասումով, աջ երիկամի հեռացումով ուղեկցված հետորովայնային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ, որից անմիջապես հետո Արթուր Սիմոնյանը Հայկ Սարգսյանի ձեռքից վերցրել էր ատրճանակը, ինչի հետևանքով Հայկ Սարգսյանը հանցագործությունն ավարտին չէր հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Սակայն 2021 թվականի հունիսին առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Հայկ Սարգսյանին արդարացրեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքով, որը վերաորակվել էր անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։
Նշենք, որ դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը, և դատական գործը ներկայումս քննվում է Վերաքննիչ քրեական դատարանում։ Ըստ այդմ՝ դատախազությունը պահանջում է բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2021թ. կայացված դատավճիռը և Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք կրելու հոդվածներով. ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով Հայկ Սարգսյանի նկատմամբ նշանակել ազատազրկում 7 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Հայկ Սարգսյանին ազատել պատժից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մյուս եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը կամ Ֆրանկլին Գոնսալեսը, այս պահին բանտում է։ Նա դատապարտվել է ազատազրկման 5.5 տարի ժամկետով, որից 2 տարին արդեն կրել է կալանքի տեսքով։ Նարեկ Սարգսյանի փաստաբան Աշոտ Ստեփանյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարանում, որը մերժվել է։ Փաստաբանն ընդգծեց, որ քանի դեռ դատարանի որոշումը չեն ստացել, չեն կարող ասել՝ կբողոքարկե՞ն Վճռաբեկ դատարանում, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենք, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև անձի առևանգման մեջ։
Այսպիսով, ակնհայտ է դառնում, թե իրականում ինչի՞ համար է հեղափոխությամբ մերժված օլիգարխիան փողոցային ցուցարար դարձել։
![]()
![]()