![]()
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ կայացել է «առանց փողկապի» ձևաչափով հանդիպում գործարարների հետ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով։
Նախարարության լրատվական վարչությունից հայտնում են, որ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների առանցքում առանձնակի կարևորվում է գործարար համայնքի հետ երկխոսության զարգացումը՝ քաղաքականությունների և՛ մշակման, և՛ իրականացման փուլերում:
«Որպես աշխատանքի ոլորտի պետական քաղաքականություն մշակող գերատեսչություն, մեր ցանկացած որոշում ուղղակի կամ անուղղակի կերպով ազդեցություն է ունենում մասնավոր հատվածի վրա, հետևաբար մենք ուզում ենք համատեղ սահմանել ակնկալիքներն ու անելիքները։ Մասնավոր հատվածում կենտրոնացած է մեծ գիտելիք ու ռեսուրս, որն անհրաժեշտ է արդյունավետ համադրել պետական քաղաքականության հետ։ Մասնավոր սեկտորի կողմից հաճախ իրականացվում են մի շարք նախաձեռնություններ, որոնք թեպետ համընկնում են պետական քաղաքականությանը, բայց առանձին գործելու պատճառով չեն ունենում մասշտաբային ազդեցություն։ Այս նպատակով էլ ցանկանում ենք սահմանել համագործակցության լայն շրջանակ, որը թույլ կտա արդյունավետ երկխոսություն ունենալ»,- նշել է նախարարը։
![]()