«Ուսանողը մեկ տարվա ընթացքում միաժամանակ կարող է սովորել արտերկրում և Հայաստանում».ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը շարունակում է նոր շունչ տալ բուհում գործող տարբեր կրթական ծրագրերի, որոնք ուսանողների համար աշխատանքի և գիտելիքները զարգացնելու նորանոր հնարավորություններ են ստեղծում:

Դրանցից է, օրինակ, «և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը: Այն բուհում գործում է 2013 թվականից: Այս ծրագրի նպատակն է իրականացնել միջմասնագիտական հետազոտություններ, զարգացնել ուսանողների վերլուծական հմտությունները և խնդիրների լուծման կարողությունները:

«Մեր ծրագիրը «Մարդու իրավունքների Գլոբալ կամպուս» կազմակերպության մաս է կազմում: Այն Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ հիմնադրված կառույց է, որը ներառում է 7 նմանատիպ տարածաշրջանային ծրագրեր, որոնք գործում են Լատինական Ամերիկայից մինչև Ասիա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է ծրագրի համակարգող Քրիստինե Գևորգյանը:

2011-2013 թթ. ծրագրի տևողությունը եղել է երկու տարի, 2013 թվականից ենթարկվել է փոփոխության: Այժմ մագիստրոսական ծրագրի ուսանողները հնարավորություն ունեն սովորել մեկ տարով: Ծրագիրը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվում է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային, Բելառուսի պետական և Թբիլիսիի Իվանե Զավախաշվիլիի անվան պետական համալսարաններում: Այս տարի ծրագրում ներառվել է նաև Ղրղզստանում գործող Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարանը:

Այսինքն՝ եթե ուսանողը ցանկանում է դիմել «Մարդու իրավունքների և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրին և մագիստրոսական ուսումը շարունակել սույն ծրագրով, ապա նա մեկ տարվա ընթացքում ուսման առաջին կիսամյակը սովորելու է Հայաստանում, երկրորդը՝ նշված համալսարաններից որևէ մեկում՝ ընտրելով իրավական, քաղաքագիտական և միջմասնագիտական մոդուլներից մեկը: Ծրագրին դիմելու համար ուսանողը պետք է դրա կայքէջի միջոցով լրացնի ու ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը:

«Կրթական ծրագրի ընթացքում ուսումնասիրում են նախ ներածական նյութեր, այսինքն՝ սովորում են, թե ինչ է մարդու իրավունքը, ինչ է ժողովրդավարությունը, եվրոպական իրավունքը: Պետք է իմանան, թե ինչպես կազմել փաստաթղթեր, իրականացնել փաստահեն հետազոտություն: Անպայման անցնում են պրակտիկ դասընթացներ. ինչպես աշխատել այն մարդու հետ, ում իրավունքները ոտնահարվել են, ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտ ներկայացնել, և այն բոլոր գործառույթները, որոնք կապված են մարդու իրավունքների հետ»,- ասում է ծրագրի համակարգողը:

Երկրորդ կիսամյակի ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են, թե որոնք են սոցիալական, մշակութային, տնտեսական, երեխաների իրավունքները, բիզնես և մարդու իրավունքների կապը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները: Սովորում են, թե ինչ տարբերություններ կան Եվրասիական ու Եվրոպական միությունների միջև: Այս տարվա սեպտեմբերից էլ կգործի նոր դասընթաց, այն է՝ Հակամարտությունը և մարդու իրավունքների ազդեցությունը:

«Երկրորդ կիսամյակի ընթացքում ուսանողները շատ ինտեսիվ սովորում են երեք ամիս, դրանից հետո մասնագիտական պրակտիկա են անցնում 4-6 շաբաթվա ընթացքում: Հոկտեմբերի վերջին տեղի է ունենում թեզերի պաշտպանությունը»,- պարզաբանում է զրուցակիցը:

Գևորգյանը շեշտում է՝ պարտադիր է, որ ծրագրին դիմող ուսանողը տիրապետի անգլերենին, քանի որ այն միջազգային բնույթի է: Դիմել կարող են ցանկացած մասնագիտության տեր մարդիկ: Այս տարի ծրագիրն ունի 5 հայ ուսանող, 15-ը՝ օտարերկրացի: Մինչ այս՝ մագիստրոսական ծրագիրը ունեցել է 200-ից ավելի շրջանավարտ:

«Մեզ դիմած ուսանողների մեծ մասը հիմնականում աշխատում է: Օրինակ՝ ունեինք մի ուսանող, որը սովորել էր ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետում և աշխատում էր որպես թարգմանիչ փախստականների հետ: Աստիճանաբար առնչվելով մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին՝ որոշել էր դիմել մեր ծրագրին ու ուսումնասիրել մարդու իրավունքները, ձեռք բերել նոր մասնագիտություն: Ունենք ուսանողներ պետական մարմիներում, միջազգային կազմակերպություններում աշխատող, այս ոլորտի տարբեր ՀԿ-ներում: Այսինքն՝ մեր շրջանավարտներն էլ կարող են ցանկացած վայրում գտնել իրենց համապատասխան աշխատանք: Մասնագիտությունը և ծրագիրը լայն հնարավորություններ են տալիս»,- ասում է նա:

Ծրագիրը, ֆինանսավորելով ԵՄ-ն, ուսանողներին նաև կրթաթոշակներ է տրամադրում: Դրանք կարող են լինել ամբողջական կամ մասնակի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ