«Ընդդիմության մանդատների վայր դնելուց հետո Ազգային ժողովը չի կարող ցրվել, չկա նման մեխանիզմ». Տարոն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, տևական ժամանակ է՝ ինչ խորհրդարանն աշխատում է առանց ընդդիմադիր քաղաքական ուժի, միայն իշխանական մեծամասնությունն է ընդգրկված այդ աշխատանքներում: Մեկ քաղաքական ուժի մասնակցությամբ ընթացող աշխատանքներն արդյունավե՞տ են, ընդհանրապես, դա նորմա՞լ է:

– Բնականաբար նորմալ չէ, որովհետև մեկ քաղաքական ուժ ինչ ուզում, ոնց ուզում անում է, թեև նախկինում էլ էր այդպես, որովհետև բացարձակ մեծամասնություն ունեն, դա էլ մեր ընտրական համակարգի վատ լինելու հետևանքն է, որ հնարավորությւոն տալիս է, որ մեկ քաղաքական ուժը բոլոր դեպքերում ինչ օրենք ուզի՝ անցկացնի խորհրդարանում:

Հիմա, փաստորեն, էլ չկա ընդդիմախոսություն Ազգային ժողովում, իսկ դա իհարկե վատ է, որովհետև քաղաքակիրթ երկրներում պետք է հենց խորհրդարանում լինեն ընդդիմախոսի խոսքը, գործը: Բայց հասկանալի է, որ ընդդիմադիր մեր գործընկերները հասկացել են, որ խորհրդարանում իրենց աշխատանքն օգուտ չի տալիս, հնարավորություն չունեն իրենց ձայնը տեղ հասցնելու ու ստիպված փողոց են դուրս եկել: Սա ընդունելի քաղաքական ակցիա է մեր օրենսդրության տրամաբանության շրջանակներում:

– Իսկ փողոցում ընդդիմության ձայնը տեղ հասնո՞ւմ է, եթե խորհրդարանում չէր հասնում, ինչի համար էլ, ըստ ձեզ, դուրս եկան փողոց:

– Դժվար է գնահատական տալ, ամեն մարդ ինքն է որոշում՝ այդ խոսքը տեղ հասնում է, թե չէ: Տեսեք՝ բազմահազարանոց ցույցեր են կազմակերպվում, ինչը նշանակում է՝ որոշակի իմաստով խոսքը տեղ է հասել, թե հիմա որքանո՞վ է դա արդյունավետ, որքանո՞վ է նպատակին ծառայում, յուրաքանչյուրն ինքը պետք է գնահատի:

– Ձեր բնորոշմամբ՝ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա՞, թե՞ ոչ:

– Եթե ճգնաժամ ասելով հասկանում ենք այն, որ այսօր Ազգային ժողովը չի աշխատում բնականոն միջավայրում, այսինքն՝ չկան ընդդիմադիր ուժեր, որոնք կլրացնեին խորհրդարանի աշխատանքը, բնականաբար կա: Եթե տեսնում ենք, որ փողոցում հազարավոր մարդիկ իրենց անհամաձայնությունն են հայտնում ու տուն չեն գնում, բնականաբար քաղաքական ճգնաժամ կա, երբ տեսնում ենք, որ իշխանությունը չի լսում այլ քաղաքական ուժի ձայն, կարծիք, մասնագետների կարծիք ու միայն իր կարծիքն է առաջնային ու ճշմարիտ համարում, իրենից այն կողմ հայրենասեր, խելացի մարդ չի պատկերացնում, այո՛, քաղաքական ճգնաժամ կա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ