![]()
Երեկ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Արգիշտի Եղյանը մահը եղել է ինքնասպանություն:
Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Վերջինս մայիսի 11-ի առավոտյան՝ ժամը 10:00-ին, դիտորդի իր պարտականությունները ստանձնելուց հետո՝ ժամը 10:15-ին, իրեն ամրացված ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում):
Արգիշտի Եղյանը Սիսիանի շրջանի Շաքի գյուղից էր, մեկ տարի 4 ամսվա զինծառայող: Ընտանիքի երրորդ ու կրտսեր զավակը:
«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Շաքի գյուղի համայնքի ղեկավար Ռուբեն Մանուչարյանը պատմեց, որ դեպքից մեկ օր առաջ հայրը խոսել է տղայի հետ, որդին բարձր տրամադրություն է ունեցել:
«Այդ օրը սովորականից 10 րոպե շատ են զրուցել: Ծառայությունից չի դժգոհել, եղել է բարձր տրամադրությամբ: Երկու քույր ունի, մեկը Երևանում է ամուսնացած, մյուսը՝ Մոսկվայում»,- ասաց նա:
Մանուչարյանի խոսքով՝ Արգիշտին միշտ առանձնացել է իր համեստ և դաստիրակված վարքով, եղել է ամաչկոտ և չի սիրել վեճեր:
«Սովորում էր պետհամալսարանում, անգլերեն և իսպաներեն լեզուների մասնագետ էր: Բացառիկ ընդունակությունների տեր մարդ էր ու իր գիտելիքների շնորհիվ ուսման համար գնաց ԱՄՆ մեկ տարով: Կորոնավիրուսի հետևանքով 10 ամիս մնաց ու հետ վերադարձավ, զորակոչվեց բանակ»,- նշեց համայնքապետը:
Համայնքի ղեկավարը դեպքը ինքնասպանություն դժվարանում է որակել. «Եթե ինքնասպանություն լիներ, շուտ կդիմեր այդ քայլին, քանի որ արդեն հաղթահարել էր ծառայության ժամանակ բոլոր դժվարությունները: 1 տարի ու 4 ամսվա զինծառայողը ինչու՞ պետք է ինքնասպան լիներ»:
![]()