Պետք է տեսանելի վայրում լինի. որտեղ կտեղադրվի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը

Երկար քննարկվելուց և քննադատվելուց հետո, 5 ամիս տարբեր քանդակագործների աշխատանքները դիտելուց և ուսումնասիրելուց հետո երեկ ամփոփվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարված Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը: 12 արձաններից քվեարկության արդյունքում ընտրվել է քանդակագործ Արմեն Սամվելյանի աշխատանքը:

Արձանը արժանացել է հանձնաժողովի 7 և հանրության այն անդմաների հավանությանը, որոնք նամակի միջոցով քվեարկել են դրա օգտին:

Մրցույթի հանձնախմբի նախագահ, մշակութային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ ընտրություն կատարելու ընթացքում հաշվի են առնվել արձանի հետ կապված մի քանի պարամետրեր:

«Ընտրությունը բարդ էր: Արձանը պետք է արտահայտի իմաստություն, հավքական ուժ: Ամենակարևորը խեղճ արձան չէ, մեզ պետք է կանչի դեպի իրեն: Հաշվի ենք առել ձեռքի, դեմքի չափանիշները, այսինքն՝ արձանի արտաքին տեսքը: Ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը մենք քննարկել ենք բոլոր տարբերակները, որոնք ներկայացրել են հայ և արտասահմանցի քանդակագործները»,- մանրամասնում է հանձնաժողովի նախագահը:

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցույթի մեկնարկի ժամանակ ներկայացվել է 350 աշխատանք, որոնցից հաջորդ փուլ են անցել 28-ը: Վերջին փուլում ընտրությունը կատարվել է 12-ի միջև:

Թե որտե՞ղ է տեղադրվելու ընտրված արձանը, Հովհաննիսյանի խոսքով, նախաձեռնության երկրորդ փուլի ժամանակ է որոշվելու: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, ըստ որոնց՝ այն տեղադրվելու է Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա, վերջինս ասում է՝ Հատիսը արձանի տեղադրման համար կազմված վայրերի ցուցակում դեռևս միայն ընտրված է:

«Տեղադրման վայրերի ուսումնասիրության աշխատանքներ են ընթանում: Հաշվի ենք առնելու տեղանքի ռելիեֆը: Մեզ հետ նաև աշխատում են սեյսմոլոգներ: Արձանը պետք է տեսանելի վայրում տեղադրենք, այնպիսի վայր լինի, որտեղ կկարողանանք համապատասխան կոմունիկացիա ապահովել, այսինքն՝ ճանապարհի կառուցում ու դրա լուսավորումը, կանաչապատումը: Հասկանանք՝ ինչ լուծումներ ենք տալու նաև արտաքին տեսքի հետ կապված, հարթաքանդակներ լինելո՞ւ են, թե՞ ոչ»,- նշում է Հովհաննիսյանը:

Տեղանքի ընտրությունը կլինի նեղ մասնագիտական որոշմամբ, այն հանրային քվեարկությամբ չի ընտրվի: Հովհաննիսյանն ասում է՝ ուսումնասիրել են աշխարհում տեղադրված Հիսուս Քրիստոսի արձանները, Հայաստանում տեղադրված կոթողը տարբերվելու է բոլոր երկրներում տեղադրվածներից:

Անդրադառնալով Մայր Աթոռի՝ արձանի տեղադրմանը դեմ արտահայտվելուն՝ պատճառաբանելով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին՝ Ռուբեն Հովհաննիսյանը շեշտում է՝ արձանը կրոնական բնույթի չէ, այլ մշակութային:

«Արձանը մշակութային ռազմավարության նշանակություն ունի, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Մենք բոլորս Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք և քաջ գիտակցում ենք, որ մեր ազգային ինստիտուտը մեր եկեղեցին է: Սակայն մենք իրականացնում ենք ոչ թե կրոնական կոթողի տեղադրում, այլ մշակութային: Եթե տայինք կրոնական բնույթ, դա այլ հարց էր»,- հավելում է նա:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ նման մրցույթներ կազմակերպելիս առաջին հերթին պետք է ընտրվեր արձանի տեղադրման վայրը, քանի որ նախաձեռնության անհանգստացնող խնդիրը տեղն է:

«Մրցույթները սովորաբար անում են տեղը որոշելուց հետո: Արդյոք այդ տեղը համապատասխանո՞ւմ է արձանը տեղադրելու համար, ի՞նչ մասշտաբի վայր է պետք և այլն: Դրանք պետք է նախապես որոշվեր, որպեսզի, ըստ միջավայրի, պարզ լիներ նաև արձանի մասշտաբը: Փոքր վայրում այն այլ կերպ կնայվի, մեծ վայրում՝ այլ կերպ»,- ասում է Մինասյանը:

Ըստ նրա՝ այս նախաձեռնության ընթացքում նաև պետք է հաշվի առնվեր պետության կարծիքը, այն պետք է տեղադրվեր պետության որոշմամբ. «Եկեղեցին արձագանքել է, սակայն պետությանը խոսքը չի հասնում: Մենք, այո՛, քրիստոնյա ազգ ենք, բայց կանոններ կան, որոնց չհետևելը անկանոն գործընթացներ կառաջացնի»:

Մկրտիչ Մինասյանի նաև նշում է՝ Հայաստանում կան ճարտարապետական հուշարձաններ, որոնք այսօր շատ ավելի կարևոր են մեր պատմության համար, և որոնց վերակառուցումն է առաջնային բնույթ կրում:

Ավելի վաղ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը տեղադրելուն անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ առցանց ասուլիսի ժամանակ նրան հարց էին հղել և իր կարծիքը հարցրել: Կառավարության ղեկավարը շեշտել էր՝ առնվազն լավ է, որ այն անձը, տվյալ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանը, ում մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնում է հանրությանը: Վարչապետը նաև հավելել էր՝ կա օրենք, կա կարգ, կան Կառավարության որոշումներ, և երբ այդ նախագիծը կներկայացվի քննարկման, պետությունը սահմանված կարգով որոշում կկայացնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ