Պարզվել է Գյումրիում ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս մեկի ինքնությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս մեկի ինքնությունը:

Վերջինս 2004թ. ծնված Հոսիեկ Սարկիսյանն (Hosiek Sarkisyan) է: Նա ձերբակալվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Նախաքննության ընթացքում երկու անձ ձերբակալվել էր, մեկը ներգրավվել որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում էր կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:

Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նշենք, որ մեր տեղեկություններով, մինչ այս ձերբակալվածներից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուսը անձը ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանն է:

Հիշեցնենք՝ մայիսի 10-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի քանի այլ անձանց: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ են եղել: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ