![]()
ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար, ներկայում էլ կարկառուն հայրենափրկիչ Արմեն Աշոտյանը ուշագրավ գրառում է արել Ֆեյսբուքում, որը նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի շուրթերով օրերս ասված և նույն Արմեն Աշոտյանի թեթև ձեռամբ հանրայնացված օբյեկտիվ դիտարկման վերահաստատումն է։ Ըստ այդմ՝ Քոչարյանի մարդամեջ դուրս գալն ու երթին մասնակցելը «լիքը մասսայի» հուշտ է անում։
Նկատենք, որ Զոհրաբյանի դիտարկումը մասնակիորեն է արտացոլում օբյեկտիվ իրականությունը, քանի որ մարդկանց հուշտ անելու հարցում ինքը՝ Զոհրաբյանը, նույնպես ոչ պակաս դերակատարում ունի, որի «պերճախոս» լեզուն էլ ժամանակին շրջանառության մեջ էր դրել իրենց հավաքները մերժող ժողովրդին ուղղված «ժեխ» եզրը։ Միով բանիվ՝ փրկչարշավի բրիգադի բոլոր ներկայացուցիչներն են հայտնվել «հուշտարարի» կարգավիճակում՝ անկախ տարիքից, սեռից, կուսակցական պատկանելությունից, դաստիարակվածության ու կարդացածության մակարդակից՝ սկսած Ֆրանսիայի հրապարակում ժենգյալով հացի հերթ պահող Սերժ Սարգսյանից, վերջացրած «լիցենզավորված» փրկիչներ Արթուր Վանեցյանով և Իշխան Սաղաթելյանով՝ ներառյալ երկու Գեղամները՝ «թքեք ձեր երեսին» Մանուկյանն ու «ջհանդամը գան» Նազարյանը։ Չմոռանանք նաև «անասուն ազգ»-ի հեղինակ Աննա Աբրահամյանի և «թուրքի եթիմ» Արմեն Գրիգորյանի մեծագույն վաստակը համազգային հուշտարարության գործում։
Արդ, հերթական անգամ ինչ անզգույշ անկեղծություն է թույլ տվել պարոն Աշոտյանը յուր ֆեյսբուքյան պատին։ Ահավաստիկ.
«Ընդդիմության կազմակերպած, բայց համազգային բնույթ ստացած ակցիաներին չմիացող ու իրենց հականիկոլական համարող հայրենակիցներիս եմ դիմում։
Հարգելի հայրենակիցներ,
Մի քննարկեք բուժքրոջ մանիկյուրի գույնը, երբ ձեր հիվանդը մեռնում է:
Մի քննարկեք օդաչուի արտամուսնական կապերը, երբ ձեր ինքնաթիռն ընկնում է։
Մի քննարկեք սանտեխնիկի սանրվածքը, երբ տան կանալիզացիան խցանվել է։
Մի քննարկեք հրշեջի սեռական հակումները, երբ ձեր տունն այրվում է։
Փրկվենք, նոր տրվենք ինտելեկտուալ վարժանքներին։
Փրկվենք, նոր ճաշակի շուրջ վեճի բռնվենք։
Փրկվենք, նոր մեր այլ գիտելիքներն ի ցույց դնենք։
Փրկվենք, նոր ինքնահաստատվենք շրջապատի վրա։
Թե չէ ազգային կործանումից հետո ոչ մեկ այդպես էլ չի իմանա, որ դուք ազգիս ամենախելացին էինք, ամենաառաքինին ու ամենաջոԳողը։
Merci beaucoup.»։
Աշոտյանը «պոստ սկրիպտում» ինքն էլ է խոստովանում, որ «լիքը մասսա», որոնց ինքը դիմում է «հարգելի հայրենակիցներ» կոչականով, չի միանում իրենց պայքարին, թեև գործող իշխանության համակիր չէ։ Սա հայրենափրկության սրբազնագույն գործում սեփական անպիտանությունը, անկարողությունը, եթե կուզեք՝ անվրեպ ձախողումը խոստովանելու մասին հայտարարություն է, որն ամրապնդվում է պարոն Աշոտյանի ինքնատիպ համեմատականներով։ Նախկին նախարարը խոստովանում է, որ իրենք բուժքույր են, սանտեխնիկ են, օդաչու են, հրշեջ են, որոնց մանիկյուրի գույնը, սանրվածքը, արտամուսնական կապերը, սեռական հակումները «հուշտ» են անում այն աստիճան, որ երկրորդական են դառնում փրկության արժանի օբյեկտները՝ հիվանդը, «կանալիզացիան», տունն ու կյանքեր փոխադրող ինքնաթիռը։
Պարոն Աշոտյանը գիտության մարդ է, մասնագիտությամբ՝ բժիշկ, և վստահաբար կռահում է, որ ժողովրդին, նույնիսկ «հականիկոլական», հնարավոր չէ փրկել փրկության կեղծ «SOS»-եր աղաղակելով, Մորզեի այբուբենն էլ էս տեսակ «վռազ» գործի համար չափազանց դանդալոշ է։ Եվ բացի դրանից՝ փրկության ենթակա ժողովուրդը չի ուզում փրկվել ոչ այն պատճառով, որ անճաշակ մանիկյուրով բուժքրոջ հետ գործ ունի, այլ քանի որ փրկությունը կարող է երաշխավորել Հիպոկրատի երդումն անխախտ պահող կոչումով բժիշկը։ Իսկ իրենք հազիվ ձգում են անգամ «երակ մտնել» չկարողացող շառլատան բուժքրոջ և կամ հեքիմի կարգավիճակին։
Ժողովուրդը մերժում է սանտեխնիկին ոչ թե իր փնթի սանրվածքի պատճառով, այլ քանի որ հենց սանտեխնիկն է «կանալիզացիայի» խցանման պատճառը, քանի որ ժամանակին այն կա՛մ չի մաքրել, կամ էլ մաքրել է գլխառադի սկզբունքով։
Ժողովուրդը չի ցանկանում իր փրկությունը հանձնել օդաչուին ոչ թե նրա արտամուսնական կապերի կամ «կայֆերի» պատճառով, այլ քանի որ նրա վարած օդանավը 4 տարի առաջ վթարային վայրէջք է կատարել ու թռիչքի համար այլևս անպիտան է։ Եվ վերջապես՝ ժողովուրդն իր տանը պատուհասած հրդեհի մարումը չի վստահում հրշեջին ոչ թե վերջինիս ոչ ստանդարտ սեռական հակումների պատճառով, այլ քանի որ հրշեջը պարզապես չունի շիջող միջոցներ ու գործիքներ, դրանք օգտագործվել են անխնա և վատնվել են՝ ոչ նպատակային, ոչ ստանդարտ կիրառման հետևանքով։
Ուշադրության է արժանի նաև պարոն Աշոտյանի գրառման «փրկվենք»-ների շարանը, որի փոխանցած ուղերձը ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում, որ այս ընդդիմությունն ու նրա նախաձեռնած փողոցային միջոցառումները միտված չեն կոնկրետ օբյեկտի՝ Արցախի, ազգի, հայրենիքի փրկությանը։ Դրանք նավաբեկությունից հետո ծովը լցված, խեղդվող նավապետների ու նավաստիների՝ փրկության կանչող աղերսներն են, որոնք ստեղծված իրավիճակում լսելի են ոչ թե բեզարած ու քուն մտած լաոներին, այլ «ամենախելացի, ամենաառաքինի ու ամենաջոԳող» ու «հուշտ չլինող» ծովահեններին։
![]()