![]()
Արցախի Վերածննդի հրապարակում մայիսի 10-ին կրակոցներ են հնչել: Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) մոտեցել է 4 երիտասարդների, ովքեր մեքենան կանգնեցրել էին «Արցախի Ազատամարտիկների միություն» ՀԿ-ի շենքի դիմաց, և խնդրել է, որ մեքենան մի կողմ քաշեն, քանի որ մուտքը փակում են:
Ինչից հետո վիճաբանություն է սկսվել և Սամվել Կարապետյանը ինքնաձիգից կրակել է, որոնք դիպել են ասֆալտին, մեքենայի դռանը:
Նշենք, որ նա «Արցախի Ազատամարտիկների միություն» ՀԿ-ի նախագահն է: Ավելի վաղ ԱՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է.
«10.05.2022թ., երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:
Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԳ. Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե բան չի փոխվել, հիմա ասենք ինչ է փոխվել: Սերժի ժամանակ Օգանովսկին կկրակեր, մյուս երիտասարդները կդատվեին: Ահա թե ինչ է փոխվել:
![]()