![]()
Դրսում ակցիաներ իրականացնողներն ընդդիմություն չեն: Նրանք ռևանշիստներ են, ովքեր նախկին իրավիճակն են ուզում վերադարձնել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա կարծիքով՝ ընդդիմությունը փորձում է երկրում մշտապես անկայուն իրավիճակ ստեղծել:
Խոսելով այս օրերին ուժային կառույցների աշխատանքի մասին՝ Շիրինյանը նկատում է՝ ոստիկանության գործողությունները համաչափ չեն:
«Ոստիկանությունն ուժային կառույց է: Սակայն այն այս օրերին պաշտպանված չէ: Ցույցներն էլ, որոնք ամբողջ ՀՀ-ում անցկացվում են, խռովություններ են: Ամեն բան փորձելու են անել, որ հեղաշրջում իրականացնեն: Այս հարցը պետք է շուտափույթ փակել»,- կարծում է քաղաքագետը:
Եթե ընդդիմությունն իրավունք ունի փողոց փակելու, մյուս քաղաքացիներն էլ իրավունք ունեն ազատ տեղաշարժման, ասում է նա. «Ջրցան մեքենաները պետք է քշեն, տան իրենց թռցնեն: Այսպիսի բան թող փորձեն այլ երկրներում անել, կտեսնեն, թե ինչ պատասխան կստանան»:
Դիտարկմանը, որ գործող իշխանությունը ևս նույն միջոցով, այսինքն՝ փողոցներ փակելով է արդյունքի հասել, պայքարի մեթոդ է, Շիրինյանն ընդգծում է՝ իշխանությունը իշխանափոխություն է արել, իսկ այսօր փողոցում գտնվողները հեղաշրջում են ցանկանում իրականացնել, միանգամայն տարբեր իրողությունների մասին է խոսքը:
«Ուզում են ցույց անել, թող գնան Հրազդան մարզադաշտում գոռան, գոչեն ու իրար սիրեն: Փողոցները չպետք է փակվեն: Իշխանություններն ամեն բան պետք է անեն՝ երկրում կայունությունն ապահովելու համար»,- ասում է բանախոսը:
Վերջինս այնքան էլ գոհ չէ այս ամենի հանդեպ իշխանության մոտեցումից, ասում է՝ պետք է է՛լ ավելի խիստ գտնվել, քանի որ կիսապատերազմական երկրում անընդհատ ակցիաները լավ բանի չեն հանգեցնելու:
«Մարդիկ արդեն հոգնել այս ամենից: Հեղափոխություն, հետո՝ կորոնավիրուս, հետո՝ պատերազմ, երկիրն ինչպե՞ս դիմանա: Իշխանության հաջողությունն այն է, որ ժողովուրդն իր կողքն է: Սակայն մարդկանց վրա թքում են, ծեծում, ո՞ւր է այս երկրի անվտանգությունը: Կարգ ու կանոն պետք է հաստատվի»,- պնդում է քաղաքագետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ոստիկանությունը ջրցաններով պետք է ցրի այս հավաքները:
Հարցադրմանը՝ արդյոք դա չի՞ խախտում քաղաքացիների ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը՝ զրուցակիցը նկատում է՝ իշխանությունը ուզում է ժողովրդավարական երկրի վարկանիշը պահպանել, սակայն ընդդիմությունը չի հասկանում. «Այն իմիջը, որը հիմա կա, ավելի վատն է: Ներդրումներ անողներ կան, բայց ո՞ր մի բիզնեսմենը կուզենա այստեղ ներդրում անել, երբ տեսնում է, թե երկրում ինչ է կատարվում: Անկայուն վիճակ է, ընդդիմությունը մեզ տնտեսապես էլ է վնասում»:
Խոսելով ընդդիմադիր գործիչների այն հայտարարությունների մասին, թե իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին՝ քաղաքագետը համոզված է՝ դրանք դատարկ խոսքեր են:
«Գոռգոռում են իրենք իրենցով, գիտեն՝ մա՞րդ են հավաքում ու իրենց պայքարը հուժկո՞ւ է: Իշխանափոխությունը բացառում եմ»,- ասում է նա:
![]()