![]()
Գյումրիում ընդդիմության ներկայացուցիչների կողմից տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու միջադեպից անցել է արդեն երկու օր։ Ամբողջ համացանցը ողողված է դատապարտող կոչերով, սակայն Ֆրանսիայի հրապարակում սրա մասին լռում են։ Գեթ մեկ խոսք իրենց երիտասարդների եղկելի արարքը դատապարտելու ուղղությամբ այդպես էլ չհնչեց։ Ի՞նչ է սա, եթե ոչ բռնության ակնհայտ արդարացում, խրախուսում։ Քաղաքական այլ հայացքներ ունեցող քաղաքացիներին ինքնադաստանի ենթարկելը փաստորեն ընդդիմության համար միանգամայն ընդունելի երևույթ է։ Սրա մասին փաստում են երկու տասնյակից ավել դեպքերը, երբ ագրեսիվ ցուցարարները հայհոյում, հարձակվում են իրենց չմիացող քաղաքացիների վրա։ Բեմից հնչող «Ջանդամին միանաք», «թքեք ձեր երեսին» արտահայտությունները գալիս են փաստելու, որ քաղաքացին ընդամենը գլխաքանակ է իշխանազավթման գործընթացում։ Սրա մասին են վկայում նաև համացանցում տարածված ձայնագրությունները, թե ինչպես են 10000-20000 դրամ առաջարկում երթերին մասնակցելու համար։
Ատելության ու հասարակության բևեռացման դեմ արտահայտվող ընդդիմությունը այսօր դարձել է բռնության, սպառնալիքների, ատելության խոսքի թիվ մեկ կրողը։ Եւ տպավորությունը այնպիսին է, որ ոչ թե իշխանության դեմ է ուղղված իրենց պայքարը, այլ քաղաքացիների, որոնք մեկ տարի առաջ ընտրություններով ոչ են ասել իրենց։ Արդարացիորեն հարց է առաջանում, եթե քաղաքական հայացքների պատճառով այսօր անպաշտպան քաղաքացիները և խոցելի խմբերը օրը ցերեկով հարձակման են ենթարկվում, ապա ինչ մղձավանջ է սպասվում, եթե ինչոր հրաշքով այս խմբակը գա իշխանության ղեկին։
![]()