Անկեղծության դեֆիցիտ Ֆրանսիայի հրապարակում

20 օր շարունակվող փողոցային պայքարի ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները այդպես էլ չեն հանրայնացնում, թե իշխանափոխությունից հետո ովքեր են ղեկավարելու երկիրը իրենց նախանշած անցումային շրջանում։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական համակիրներից և հանրությունից իրական մտադրությունների քողարկում։ Պայքարի առաջամարտիկ Իշխան Սաղաթելյանը խոստովանում է, որ հրապարակ եկող օդիոզ կերպարներ կան, որոնք ոչ մի պարագայում չեն լինելու ապագա կառավարությունում։ Ավելին նա ընդգծում է, որ հանրության կողմից անընդունելի որևէ գործիչ ներգրավված չի լինելու, միևնույն ժամանակ նշելով, որ ապագա կառավարության ղեկավարները հենց հրապարակում են՝ ցուցարարների կողքին։ Տրամաբանական հարց է առաջանում, եթե չի հանրայնացվում ցուցակը ժողովուրդը ինչպե՞ս է իմանալու, օրինակ Ռոբերտ Քոչարյանը Իշխան Սաղաթելյանի համար օդիո՞զ է, թե ոչ, Քոչարյանի ընտանիքի թալանածը հետ վերադարձնելու ե՞ն, թե ոչ։

Անկեղծության ակնհայտ դիֆիցիտի մասին վկայում է նաև այն, որ մինչև իշխանափոխություն չլինի իրենք չեն հրապարակի երկրի կառավարման ղեկը ստանձնող գործիչների անունները։ Ընդդիմադիր դաշինքների առաջնորդներից Սերժ Սարգսյանը անձամբ և նրա կուսակիցներից շատերը քանիցս արդեն հայտարարել են, որ Սարգսյանը ոչ մի պարագայում չի զբաղեցնելու ղեկավար պաշտոն։ Ահա այս նույն խոստովանությունը չկա երկրորդ նախագահի պարագայում, նա ոչ միայն չի հայտարարել, որ հավակնություններ չունի, այլև ամբիոնից ելույթ ունեցող բանախոսները անուղղակիորեն ակնարկում են, որ Քոչարյանն է իրենց վարչապետի թեկնածուն։ Իսկ նման սցենարի մասին բացեիբաց խոսելը հասկանալի է, որ վանելու է նաև հրապարակում հավաքված ցուցարարների զգալի մասին։ Արդարացիրորեն սա գիտակցում են նաև ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները՝ Նաիրա Զոհրաբյանի՝ «Ռոբի երթին մասնակցելը լիքը մարդու հուշտ է անում» խոստովանությունը վկա։

Այսքանից հետո բեմահարթակից ատելություն ու հոխորտանքներ շաղ տվող ընդդիմությունը դժգոհում է, որ հասարակությունը անարձագանք է թողնում ն իրենց միանալու կոչերը։ Իրենց չմիացող հարյուր հազարավոր քաղաքացիներին «ժեխ», «թուրք» ու «զոմբի» անվանարկող ընդդիմությունը կարծես այդպես էլ չի ընկալում, որ այդ նույն քաղաքացիները այս ամբողջ ակցիաների հետևում տեսնում են մեկ մարդու ականջներ, ում մեկ տարի առաջ օրինական ընտրություններով մերժել են, և բեմում նրան չտեսնելը դեռ չի նշանակում, որ հենց նա չի կանգնած այս ամենի հետևում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ