![]()
Տարեց քաղաքացիներին ծեծող այս ստահակ խուժանն իրեն հայ է համարում ու ժողովրդին թուրք անվանում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ խոսքն ուղղում է ՀՀ դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
«Չի կարող այսպես շարունակվել, ժողովրդի համբերությունը սահման ունի։ Սա արդեն մասսայական ահաբեկման դրսևորում է։
Մարդու և քաղաքացու քաղաքական իրավունքների իրացման սահմանն այնտեղ է, որտեղից սկսվում են այլոց իրավունքներն ու ազատությունները։ Այս օրերին քաղաքական ակցիաների անվան տակ տեղի են ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում։
ՀՀ դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպես Ազգային ժողովի պատգամավոր և հազարավոր մեր հայրենակիցների ներկայացուցիչ՝ պահանջ եմ ներկայացնում իրականացնել կտրուկ և գործուն միջոցներ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավունքների ոտնահարման դեպքերը նախականխելու, կանխարգելելու և քաղաքական ակցիաների ընթացքում կատարված հանցագործությունները բացահայտելու համար»,-գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի քանի այլ անձանց: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ էին: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու:
«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցների կողմից Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
![]()