![]()
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի համոզմամբ՝ այսօր փողոցում տեղի ունեցող գործողությունների եւ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության միջեւ զուգահեռներ տանելը, մեղմ ասած, ճիշտ չէ, քանի որ երկու տարբեր արժեհամակարգերի մասին է խոսքը:
«Ընդդիմության պայքարի կոնտեքստը ես չեմ հասկանում: Ժամանակին մենք կանգնել ենք ամիսներով, տարիներով, որովհետեւ եղել է գաղափար, կոնկրետ նպատակ, եւ դա բոլորը գիտեն: Իսկ այն ամենը, ինչ կատարվում է այսօր, անլուրջ է, եւ, բնականաբար, շատ արագ էլ մարելու է: Չեն կարող անվերջ գումար բաժանել և ժողովուրդ հավաքել: Իսկ ովքեր մասնակցում են առանց գումարի (ես վստահ եմ, որ կան նաեւ այդպիսինները), պետք է մի քանի տարով հետ գնան ու հարց տան իրենք իրենց՝ արդյոք ուզո՞ւմ են նորից բռնապետական երկրում ապրել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ավագանու անդամը:
Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը սակավամարդության պատճառով փողոցները փորձում է փակել համայնքային սեփականություն հանդիսացող գույքով՝ փչացնելով այն, ինչը խստորեն դատապարտելի է. «Ինձ համար անընկալելի է, թե ինչպես կարելի է անփութորեն վերաբերվել մայրաքաղաքի գույքին, նույնն է, որ փչացնես տանդ գույքը, իսկ Երևանը մեր բոլորի տունն է: Ցավոք, այս ակցիաներից առաջ էլ նման դեպքեր արձանագրվում էին: Մեր կողքին նաեւ մարդիկ են ապրում, որոնք շատ հանգիստ կարողանում են այրել աղբամանները, կոտրել նստարանները»:
Ավագանու անդամը միևնույն ժամանակ արձանագրում է՝ քաղաքացիները իրավունք ունեն անհնազանդության եւ ցանկացած տեսակի անհամաձայնության գործողություններ իրականացնելու, անկախ նրանից՝ դա որևէ մեկին ցանկալի՞ է, թե՞ ոչ, սակայն, Վարդանյանի խոսքով, այդ գործողությունները չպետք է դուրս գան օրենքի շրջանակներից և վերածվեն խուլիգանական արարքների:
Վերջինս նաեւ նկատում է՝ այս օրերին քաղաքը է՛լ ավելի է աղտոտվել, դա էլ պայմանավորում է հանրահավաքներով. «Երբ մենք էինք անհնազանդության գործողություններ իրականացնում, պարտադիր մեր հետևից մաքրում էին քաղաքը: Այսօր, ցավոք, մի փոքր այլ է: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ինչքան էլ այդ մարդիկ եւ զբոսաշրջիկները աղտոտեն, քաղաքը մաքրելը քաղաքային իշխանության պարտականությունն է: Այն պիտի պատշաճ մաքրվի՝ անկախ նրանից, թե ովքեր են աղտոտում»:
Ավագանու անդամի կարծիքով՝ այս գործողությունների հետեւանքով ստեղծված խառն իրադրությունը առաջին հերթին բացասաբար կանդրադառնա զբոսաշրջության վրա. «Երբ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, որ ինչ-որ խմբեր պատրաստվում են սադրիչ գործողություններ իրականացնել, դա չի կարող դրական անդրադառնալ տուրիզմի վրա: Կամ երբ իր սեփական քաղաքում հարձակման է ենթարկվում հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանը, որը այլակարծիք է, եւ ունի դրա բոլոր իրավունքները»:
Նուարդ Վարդանյանը նշում է, որ երբ իրենք ընդդիմություն էին, և գործողություններ էին իրականացնում, ոստիկանությունը մի քանի անգամ ավելի կոպիտ էր, այսօր լրիվ այլ է: Վերջինս շեշտում է՝ օրվա իշխանությունն էլ շատ լավ գիտի ե՛ւ ջրցան մեքենաների տեղը, ե՛ւ այն մյուս գործիքների, որոնցով կարելի է ուժ կիրառել, սակայն 2018 թվականից հետո ժողովուրդն ու նրա բերած իշխանությունը մերժել են հին բարքերը, մասնավորապես՝ բռնությունը:
«Այս քաղաքական ուժը երբեք չի շեղվել իր բռնած ճանապարհից, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ոստիկանության աշխատակիցներին՝ վերջին օրերին եւ առհասարակ իրենց կատարած աշխատանքի համար: Կարծում եմ՝ ժողովրդի մոտ դեռ թարմ են այն հիշողությունները, երբ նախկինում անհնազանդությունների ժամանակ ասում էինք՝ «ոստիկանը մերն է», ժպտալով ու ծափողջույններով էինք դիմավորում նրանց, իսկ ի՞նչ է անում այսօր ընդդիմությունը՝ հայհոյում ու վիրավորում է, պիտակավորում ամենանողկալի բառերով: Հորդորում և կոչ եմ անում յուրաքանչյուր ոստիկանի նկատմամբ նմանատիպ վերաբերմունքը դատապարտել օրենքի ողջ խստությամբ»,- նշում է Վարդանյանը:
Անդրադառնալով ընդդիմադիրների տեսակետները չկիսող քաղաքացիների հասցեին հնչող պիտակավորումներին՝ ավագանու անդամը շեշտում է, որ ցանկացած պարագայում ագրեսիան թույլ մարդու վարքագիծ է՝ դա կլինի խոսքո՞վ, թե՞ գործողություններով կամ ուժի կիրառմամբ, որեւէ նշանակություն չունի:
«Եվ հարց է առաջանում՝ արդյոք այս մարդիկ իսկապես սիրե՞լ են իրենց ժողովրդին: Այլ ասպեկտներին չեմ էլ անդրադառնում, հարցս ուղիղ դրա մասին է: Արդյոք իրենք հասկանո՞ւմ են մարդկության հանդեպ սերն ինչ է: Գոնե ինձ համար դա մեծ հարցական է»,- ասում է նա:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակի հնարավոր հանգուցալուծմանը՝ Վարդանյանն նշում է՝ այնքան անլուրջ վերաբերմունք ունի կատարվողի նկատմամբ, որ մինչ օրս չէր էլ անդրադարձել:
![]()