![]()
Ընդդիմությանը սպառնում է փողոցային պայքարի միջոցով հայրենիքի «փրկությունը» երկրորդ անգամ տապալելու տխուր հեռանկարը, որի մասին վկայում են պոտենցիալ փրկիչ-լաոների նոսրացող շարքերը։ Քանիցս նշել ենք, որ հանուն իշխանափոխության մղվող այս լոկալ «մարտական գործողությունները», որոնք այդպես էլ լայնամասշտաբ շարժման չեն վերաճում, հայրենիքի, Արցախի փրկության հետ ոչ մի կապ չունեն։ Եվ քանի որ կապ չունեն, փողոց դուրս եկած ժողովրդի ճնշման տակ իշխանափոխություն պարտադրելու պլանն էլ ձախողվում է, և ընդդիմությանն այլ ելք չի մնալու, քան սեփական անվերապահ քաղաքական կապիտուլյացիան ընդունելը, որին ականատես կլինենք հավանաբար առաջիկա օրերին։
Ցանցային պայքարի կարեւր մեթոդներից մեկը՝ բոլոր բանուկ ճանապարհների ու փողոցների պարալիզացումը, փաստորեն, եւս չստացվեց։ Չօգնեցին անգամ կամուրջներին կայանող բետոնախառնիչներն ու այլ ծանր տեխնիկան։
Նկատենք, որ ընդդիմադիր լիդերներից շատերը արդեն իսկ վերջնագրեր են ներկայացրել՝ հայտարարելով, թե խորհրդարան այլևս ոտք չեն դնելու, այսինքն՝ չեն վերադառնալու բնականոն աշխատանքին և գնալու են «մինչև վերջ»։ Իսկ մանդատներն էլ պինդ-պինդ պահում են, քանի որ դրանք պետք են գալու իրենց վճռական խոսքն ասելու ժամանակ։ Միջանկյալ արձանագրենք, որ մանդատները հայրենի ընդդիմադիրների համար ոչ միայն եկամուտ՝ աշխատավարձ, այլև անձեռնմխելիություն են ապահովում, հետևապես, ինչպես ասում են, «նաղդը թողած» չեն պատրաստվում ընկնել «նիսյայի հետևից»։
Փրկության շարժման այսօր առկա արդյունքները հաշվի առնելով՝ օբյեկտիվորեն հարց է աաջանում՝ ինչ նկատի ունեն տիկնայք և պարոնայք ընդդիմադիրները «մինչև վերջ» ասելով, մինչև ինչի՞ վերջը, մինչև վերջին ցուցարարին տուն ուղարկելն ու փողոցից տուն գնալիս «լույսերն անջատե՞լը»։ Եթե «վերջ» ասվածը՝ որպես վերջնանպատակ, դիտարկենք սահմանադրական տեսանկյունից, ապա դա իշխանության հրաժարականն է՝ սեփական նախաձեռնությամբ կամ հանրային պարտադրանքի ուժով, այնուհետ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Բայց պարզվում է, որ «վերջ» ասելով ընդդիմադիրները նկատի ունեն այն, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է ձևավորվի «ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն», որը, ինչպես Իշխան Սաղաթելյանն էր ասում, չի լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որևէ անհատի, նախկինների կամ ներկաների, սևերի կամ սպիտակների կառավարություն։ Այն լինելու է «հայ ժողովրդի լավագույն զավակներից՝ կարող ու պրոֆեսիոնալ ուժերից բաղկացած կառավարություն», որը «երկիրը դուրս է բերելու այս վիճակից»։ Սա, ներողություն, «վերջ» չէ, սա մանկապատանեկան տարիքի երեխաներին հատուկ կապրիզ է, եթե կուզեք՝ քմահաճույք, որի բավարարման համար պետք է հայցել ՀՀ բոլոր ընտրողների թույլտվությունը։ Պարոն Սաղաթելյանին հուշենք, որ իշխանությունը «Այֆոն» հեռախոս չէ, որ անընդհատ փոխես ու «մի մոդել թազեն» կամ էլ «վերջին մոդելը» գնես, ոչ էլ Քոչարյանի ասած ճամպրուկն է, որ վերցնես ու փոխանցես։ (Դիտել հեղափոխության օրերին կայացած նրա հարցազրույցը ռուսական HTB-ին)։
Մոտ մեկ տարի առաջ ընտրված քաղաքական մեծամասնությունն արդեն իսկ ձևավորել է իր կառավարությունը, որտեղ եթե ենթադրաբար կան «ոչ պրոֆեսիոնալ» ու «անկարող» կառավարիչներ, ապա նրանց կարելի է գրչի մեկ հարվածով փոխարինել պրոֆեսիոնալներով ու հմուտներով՝ առանց իշխանափոխության և կամ կառավարության ամբողջական հրաժարականի։ Պարոն Սաղաթելյանը կարող է մատնացույց անել ոչ պրոֆեսիոնալներին ու կառավարության ղեկավարին առաջարկել այն պրոֆեսիոնալների անունները, որոնք պետք է փոխարինեն առաջիններին։ Այդ նպատակով հեչ պարտադիր չէ հայրենիքի փրկության տարատեսակ շարժումներ մոգոնել, խաթարել քաղաքացիների անդորրն ու նրանց հարայ-հրոցով փողոցներ հանել։
Ի դեպ, նույն այդ ընտրությունների արդյունքում ԱԺ փոխնախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնած Իշխան Սաղաթելյանը խոսում է արժանիների կառավարության մասին, ո՞ւմ է տեսնում պոտենցիալ կառավարիչների ցուցակում, ինքը կա՞ այդ ցուցակում, եթե այո, ապա ինքն այդ դեպքում որպես նախկի՞ն է հանդես գալու, թե՞ որպես ներկա, որպես դաշնակցակա՞ն, թե՞ քոչարյանադաշնակցական։
Կարևոր մի դիտարկում էլ. ՀՓՇ-1-ը, ինչպես արդեն ասացինք, ավարտվեց Փաշինյանի կողմից նետված՝ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ ձեռնոցն ընդունելով։ Ընտրական գերլարված «դուելի» արդյունքում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց, և ձևավորվեց գործող ԱԺ-ն՝ իր քաղաքական համամասնությամբ։ Մեկ տարի առաջ երկրում իսկապես առկա էր քաղաքական ճգնաժամ, որը խորացել էր մասնավորապես պատերազմից հետո, և ձևավորվել էր լեգիտիմ պահանջ այն հանգուցալուծելու և կամ լիցքաթափելու համար։ Իշխանությունը գնաց իր լեգիտիմությունը վերագտնելու ճանապարհով և երկրի կառավարումը շարունակելու մանդատ ստացավ։ Իսկ այժմ ոչ միայն կառավարության հրաժարականի լեգիտիմ պահանջ չկա, այլև վերստին արտահերթ ընտրություններ անցկացնելու, որքան էլ ընդդիմությունը ՀՓՇ-2 կամ ՀՓՇ-3 խաղարկի։ Արցախի փրկության ճանապարհն այլևս չի անցնում Երևանի կենտրոնի փողոցներով և հատկապես Մելիք-Ադամյանով, այն անցում է դիվանագիտական ճակատով, որտեղ ահռելի անելիքներ կան։ Իսկ փրկության մասին գլխապատառ, անհոդաբաշխ ճիչերը, այդ անելիքներին խանգարելուց բացի, որևէ օգուտ չեն տալիս։
Այնպես որ, միակ «վերջը», որին պիտի հանգի ընդդիմությունը, թքածը լիզելը, խորհրդարան վերադառնալն ու այն աթոռներին նստելն է, որտեղ նստեցրել է ՀՀ ընտրողը 2021 թվականի հունիսի 20-ին։ Վերջ։
![]()