![]()
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու տղամարդ, որոնցից մեկը` Ագարակ գյուղի, մյուսը` մայրաքաղաքի բնակիչ, ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակում:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ տեղեկությունը ճշտելուց հետո Աշտարակի ոստիկաններն անցել եքն կոնկրետ միջոցառումների:
Ապրիլի 13-ի առավոտյան երկուսն էլ հայտնաբերվել և բերման են ենթրկվել ոստիկանության Աշտարակի բաժին:
Նրանք խոստովանել են, որ այս տարվա մարտին, նախնական համաձայնության գալով, մի քանի անձից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ՝ իբր առանց քննության և ընթացակարգի վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար։
Ոստիկանության Աշտարակի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ: Մայիսի 2-ին տղամարդկանց առաջադրվել է մեղադրանք։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
![]()