![]()
Երևանի փողոցներում պտտվում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր, և դրանց նկատմամբ իրավապահ համակարգի վերաբերմունքը պետք է լինի համապատասխան։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Գրառման մեջ ասված է հետևյալը.
«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքով ոտքով գնում եմ հանդիպման։ Բնականաբար, ճանապարհին հանդիպում եմ որոշ ագրեսիվ հայացքների, բայց դեռ ոչ մի ռեպլիկ։ Եվ ահա, դիմացս է դուրս գալիս Արցախի դրոշով փաթաթված մի օրիորդ, ով ինձ տեսնելիս նախ աչքերին չի հավատում։ Կողքով անցնում եմ, և հավանաբար իր տեսածում համոզվելուց հետո գոռում է. «Այ բոզ!»։
Այս, ինչպես նաև դերասան Սոս Ջանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցած եղկելի դրվագներն այն ամենն են, ինչ պետք է իմանալ այս օրերին Երևանի փողոցներում ծավալված խիստ «քաղաքական» գործընթացի մասին։
Սրանց, իհարկե, կարելի է ավելացնել բազմաթիվ այլ նմանատիպ դեպքեր (օր.՝ Արմեն Մարտիրոսյանի հետ կապված դրվագը)։
Եվ իրականում զարմանալի ոչինչ չկա։ Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը լսել հրապարակի հարթակին կանգնածների տեքստերը, որոնցում, ըստ էության, հայհոյանքից բացի՝ այլ բովանդակություն չկա։
Ըստ այդմ՝ պետք է արձանագրել, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժն իրապես անհամաչափ է, բառիս մեղմ իմաստով։ Երևանի փողոցներում պտտվում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր, և դրանց նկատմամբ իրավապահ համակարգի վերաբերմունքը պետք է լինի համապատասխան։ Էդ էր պակաս՝ մի հատ էլ մարդիկ Երևանի փողոցներում զգուշանալով քայլեին»։
![]()
![]()