Ընդդիմադիր ուժերը իրենց համախոհներով շարունակում են մնալ Ազգային ժողովի հարակից փողոցներում

Ընդդիմադիր ուժերը իրենց համախոհներով շարունակում են մնալ Ազգային ժողովի հարակից փողոցներում:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երբեմն-երբեմն նրանց և ոստիկանների միջև ընդհարումներ են տեղի ունենում, երբ ցուցարարները փորձում են կոտրել ոստիկանական պատնեշը, սակայն չի հաջողվում:

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ 15 րոպե սպասելու են, որից հետո երթը շարունակեն Դեմիրճյան փողոցով:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել էր, որ հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել են՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը։ Այնուհետև վերջինս ընթերցել էր այդ պահանջի հայտարարությունը։ Ռուստամյանին արձագանքել էր վարչապետը՝ նշելով, որ բացահայտում ունի անելու, որից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեին էին դահլիճը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ծափահարություններով էին ճանապարհել ընդդիմադիր պատգամավորներին:

Այսօր ավելի վաղ էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը հաղորդում էին տարածել, որի համաձայն՝ կառույցները հավաստի տեղեկություններ են ստացել, որ ընդդիմադիրները պատրաստվում են գրոհել ՀՀ Ազգային ժողովի շենքը: Կառույցները խստորեն նախազգուշացրել են հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին, որ զերծ մնան իրավիճակը ապակայունացնող գործողություններից, հակառակ պարագայում դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է նախաձեռնողների վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ